«Հայաստանում ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումը»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ՀՀ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Չէ, չէ… օրինակ, ՆԳՆ-ն…»,-տեղից իր անհամաձայնությունը հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Էդ էլ ու վերջ»,- հեգնեց Գեղամ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորն ԱՀԾ ղեկավարին հարցրեց՝ ի՞նչ կարիք կար մեծ գումարներ և այլ ռեսուրսներ ծախսել և ծառայության համակարգում առանձին ստորաբաժանում ստեղծել. նպատակահարմա՞ր չէր օգտվել ԱԱԾ գործող ծառայության համակարգից։
Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որ այդ առաջարկը նաև ֆինանսների նախարարության գործընկերներն են արել, բայց կառավարության մոտեցումն այլ է. «Ծառայությունը պետք է կարողանա ստեղծել պատասխանատվություն, սա կապ չունի վստահության հետ և ինքնուրույն պատասխանատվություն՝ կիրառելու այն շատ զգայուն օպերատիվ հետախուզական միջոցառումը, որը մենք առաջարկում ենք նախատեսել և կիրառել։ Ենթադրում է նաև ավելի խիստ վերահսկողություն՝ ծառայության ներսում և ծառայությունից դուրս։ Խոսքը վերադասի վերահսկողության մասին է»։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց, ասելով, որ նաև գլխավոր դատախազին է այդ մասին ասել՝ գաղտնալսումները երբեմն քաղաքական նպատակահարմարության առումով չարիք են, երբ դրանք դառնում են մոնտաժված և քրեական գործերի հիմք։ Հիշեցրեց, որ այդպես է նաև իրենց խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի գործով։ Հավելեց՝ իրենց գործընկերոջ դատին են շտապում և քննարկումը կիսատ կթողնեն։
«Դատախազության ֆունկցիան պետք է լինի, որ նման բաները բացառվեն»,- հավելեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ավելի ուշ նկատելով, որ երբ ՆԳՆ-ն նման ստորաբաժանում ստեղծելու առաջարկ էր բերել, ֆինանսների նախարարն այդքան բարյացակամ չէր, մինչդեռ ինքը, օրինակ, շատ է կարևորում, որ ՆԳՆ-ն նման իրավասություն և հնարավորություն ունենա, որպեսզի այլ կառույցներից կախվածություն չունենա։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ՀՀ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը ներկայացնում էր «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Փոփոխություններով առաջարկվում է հայրության արձակուրդի հնարավորություն սահմանել այս ծառայության ծառայողների դեպքում, ինչը աշխատանքային օրենսգրքով սահմանված է, զենքի և հատուկ միջոցների կրման կարգի սահմանում՝ օրենքով հստակ իրավական հիմք նախատեսվի հաշվառման, հատկացման և կրման կարգի վերաբերյալ, կադրային ռեզերվում գտնվողների ստաժի հաշվարկմանը, խրախուսանքի միջոցներին, ԱՀԾ ծառայողների կարգապահական տույժերին վերաբերվող և այլն։ Նաեւ՝ ծառայության պետի և տեղակալների պաշտոններին, որոնք վարչական պաշտոններ են, կարող են նշանակվել միայն ՀՀ քաղաքացիները։
Հիմնական, ըստ էության փոփոխություններից է նաև այն, որ ծառայության կոչումների փոխարեն նախատեսվել է դասային աստիճանի համակարգ։ Դասային համակարգը համադրվելու-համապատասխանեցվելու է զինվորական կոչումներ նախատեսող այլ պետական ծառայությունների հետ։ Առաջարկվում է նաև այս համակարգի ծառայողների համար՝ հատուկ դեպքերում որոշակի սոցիալական երաշխիքներ ամրագրել պետության կողմից, այդ թվում՝ 20 տարվա ծառայությունից հետո միանվագ նպաստի տրամադրում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նախագիծն ընդունվեց։ Այն կքննարկվի եւ կքվեարկվի 24-ժամյա ռեժիմում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































