Մեր զրուցակիցն է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
– ՀՀ նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը պատկերել են այնպես, որ Արարատ սարը չերեւա․ եկեղեցին «շրջել են» հակառակ կողմից։ Ձեր կարծիքը այս մասին:
– Ինչ վերաբերում է նոր անձնագրում Խոր Վիրապի պատկերին, ապա այստեղ եւս տեսնում ենք նույն տրամաբանությունը՝ իրականության մի հատվածը մոլորեցնելու փորձ։ Բայց խորհրդանիշները երբեք անմեղ չեն։ Երբ Խոր Վիրապը ներկայացվում է առանց Արարատ լեռան, դա արդեն ոչ թե գեղարվեստական ընտրություն է, այլ՝ ենթատեքստ ունեցող քաղաքական ժեստ։ Հարցն այստեղ այն չէ, թե նկարը որքան ճշգրիտ է, այլ՝ ինչ է այն լռեցնում։ Վերջապես, եթե փորձեմ այս ամենն ամփոփել ավելի լայն՝ փիլիսոփայական դիտանկյունից, ապա կասեմ․ պետությունը չի կարող երկար գոյատեւել, եթե սկսում է զիջել իր հիշողությունը, իր խորհրդանիշները եւ իր հոգեւոր հիմքերը՝ հանուն կարճաժամկետ շահերի։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման զիջումները երբեք չեն մնում միայն արտաքին քաղաքականության սահմաններում․ դրանք ներթափանցում են հասարակության ինքնագիտակցության մեջ եւ քայքայում այն ներսից։ Իսկ մեր առաքելությունը՝ թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես հասարակություն, ոչ թե միայն քննադատելն է, այլ՝ հիշեցնելը, որ կան արժեքներ, որոնք չեն կարող լինել բանակցության առարկա։
– Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում, Հանրայինի եթերում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացնելուն: Ի՞նչ կասեք այս մասին:
Կարդացեք նաև
– Եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները միշտ եղել են բարդ։ Բայց երբ այդ բարդությունը վերածվում է բացահայտ դիմակայության, երբ հնչում են հակաեկեղեցական շեշտադրումներ, դա արդեն ոչ թե առողջ տարանջատում է, այլ՝ վտանգավոր խզում։ Եկեղեցին այս ժողովրդի հոգեւոր ողնաշարն է, եւ նրա թուլացումը, անկախ պատճառներից, երկարաժամկետ առումով վնասում է հենց պետությանը։ Ադրբեջանի կողմից եկեղեցիների ոչնչացման մասին հնչած այն ձեւակերպումը, թե «իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում», քաղաքականապես գուցե փորձ է՝ չսրել իրավիճակը, բայց բարոյապես անընդունելի է։ Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել ինքնիշխանության գաղափարով։ Սա այն դեպքն է, երբ լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան։ Իսկ եկեղեցիների հարցը մեզ համար պարզապես քարերի հարց չէ, այլ՝ հավատքի, հիշողության եւ ներկայության։
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































