Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «2020 թ․-ից հետո Ադրբեջանը, Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն՝ փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում է այդ հայտարարությունները»

Մայիս 02,2026 14:32 Share

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է հերթական հինգ հարցերին։

-Ի՞նչ կփոխեք մեր արտաքին քաղաքականության մեջ, երբ շուտով լինեք Հայաստանի Հանրապետության վարչապետը։

-Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն։ Հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետեւ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Մենք պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, ինչպես նաեւ մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից։

-Մեր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության արդյունքում 300 հազար ադրբեջանցի է բերելու Հայաստան, արձագանքել է, որ չի քննարկվում հարց արցախցիների վերադարձի մասին Արցախ եւ չի քննարկվում հարց 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Ձեր կարծիքը կասե՞ք։

-2020 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն՝ փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում է այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա։

Մենք այդ ամենը կանգնեցնելու ենք, մենք ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ հայերի համար։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի գործարարները կարող են ուղիղ միմյանց հետ աշխատել։ Արդյո՞ք կարելի է վստահել Ադրբեջանի գործարարներին եւ թույլ տալ, որ ներդրումներ անեն Հայաստանում եւ հողեր առնեն Հայաստանում։

-Դուք վստահ եղեք։ Եթե Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվի Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցնել, հաջորդելու են քայլեր՝ գնելու են հողերը, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ։ Այդպիսի օրինակ կա հարեւան Վրաստանում։ Սահակաշվիլու սխալների հաշվին Բաթումը նմանվել է թուրք-ադրբեջանական անկլավի։

-Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանն է Հայաստանի խաղաղության երաշխավորը։ Ձեր կարծիքը։ Հայերը վստահո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանին որպես Հայաստանի խաղաղության երաշխավոր։

-Ադրբեջանը Հայաստանում ամենաշատը կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի խաղաղության երաշխավորը լինելու են Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները եւ տարածաշրջանային շահեր ունեցող երկրները։

-Ի՞նչ եք կարծում, Շահին Մուստաֆաեւի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ հարց վախեցավ տալ նրան։

-Հայաստանի շահերին վերաբերող բոլոր հարցերը։ Այսինքն, չհարցրեց՝ ինչո՞ւ եք ոչնչացնում մեր եկեղեցիները, ինչո՞ւ եք ձեր բանտերում պահում մեր հայրենասեր հայրենակիցներին։ Եվ ընդհանրապես, երբ որ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի տալ ոչ մի հարց։ Ինքը միայն լսողի դերում է։

Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031