Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Պետոյան, ձեր մոտից ազատում պետք է ունենանք. Տիգրան Ավինյանը՝ Կենտրոնի թաղապետին

Մայիս 05,2026 13:08 Share

«Մեզ մոտ մի իրավիճակ է, որ մեր հասարակական կարգի պաշտպանության ծառայության համապատասխան աշխատակիցներն ավելի շատ ստուգում են իրականացնում, բայց ավելի քիչ խախտում է արձանագրվում:

Սա խոսում է այն գլոբալ դրական պրոցեսի մասին, որ տեղի է ունեցել Երեւան քաղաքում խստացումների հետ կապված: Սա լավ ցուցանիշ է, այսինքն, մենք ավելի ստուգում ենք, բայց պակաս արձանագրություններ են կազմվում»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան տեղեկատվությանը ծանոթանալուց հետո:

«Բայց նաեւ դեպքեր գիտեմ, որոնք պետք է խնդրեմ ուսումնասիրեք: Խնդրել էի տեսագրություններ հանել 36 ավտոբուսներից, որտեղ մեր ծառայության աշխատակիցը իր նոր ու գեղեցիկ արտահագուստով ոչ այնքան լուրջ էր մոտեցել հարցին, տեղ-տեղ ավելի թեթեւ էր նայում վճարման եւ չվճարման հարցերին: Կխնդրեմ ուսումնասիրել դեպքը, եւ եթե այն իրապես հաստատվեց, կարծում եմ աշխատակիցն այլեւս անելիք չունի մեր համակարգում»,-ասաց Ավինյանը:

Երեւանի քաղաքապետը մեկ դեպք էլ Կենտրոն վարչական շրջանի հետ կապված վկայակոչեց. «Ես անձամբ «Ակտիվ քաղաքացի»-ով դիմում էի տվել ապօրինի գովազդի վերաբերյալ, որը ինձ ուղարկել էր, որ իբր վերացված է: Բայց այդ գովազդը մի քանի օր հետո հայտնվել է նույն տեղում:

Ես կարծում եմ, որ կատարող աշխատակիցը վարչական շրջանում այլեւս գործ չունի, իրեն կարող ենք հրաժեշտ տալ… Դեպքը կրկնվելու դեպքում ղեկավարը եւս պետք է հեռանա: Խնդիրների՝ ձեւական բնույթի լուծումները կարող են խոսել կոռուպցիայի մասին, ի՞նչ է նշանակում գովազդը հանեցին, հետո մյուս օրն էլի հայտնվեց: Երեւի աշխատակիցը գնացել ասել է՝ մի հատ հանիր նկարեմ, հետո գովազդը վերականգնել է: Հետեւապես, պարոն Պետոյան (Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը-Գ.Հ.), ձեր մոտից ազատում պետք է ունենանք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031