Լրահոս
Օրվա լրահոսը

Սա յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական բարձր մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին

Մայիս 05,2026 16:51 Share

Այս օրերին, երբ Երևանը դարձել է եվրոպական քաղաքականության կենտրոն, հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցներին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) Եվրոպայում իրականացնում է Հայաստանի մշակութային դեսպանի իր առաքելությունը։

Նվագախումբը մեկնել է լայնածավալ եվրոպական շրջագայության, որի շրջանակում հանդես կգա 14 համերգով Եվրոպայի հինգ երկրների՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահներում։ Շրջագայությունը կտևի ապրիլի 27-ից մայիսի 16-ը:

Շրջագայության առանցքային նշանակությունն ընդգծվում է նրանով, որ համերգների մի մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:

Հյուրախաղերի մեկնարկն արդեն իսկ նշանավորվել է մեծ հաջողությամբ։ Իտալական հեղինակավոր «Բրեշիայի և Բերգամոյի միջազգային դաշնամուրային 63-րդ փառատոնի» շրջանակում ՀԱՖՆ-ի չորս ելույթներն արժանացել են տեղական մամուլի և երաժշտասերների բարձր գնահատականին։ Իտալական L’Eco di Bergamo և Bresciaoggi պարբերականները հիացմունքով են անդրադարձել նվագախմբի կատարողական արվեստին՝ մանրամասն ներկայացնելով Էդուարդ Թոփչյանի և Պիեռ Կառլո Օրիզիոյի ղեկավարությամբ հնչած Չայկովսկու, Խաչատրյանի, Շոստակովիչի և Մալերի ստեղծագործությունները։

Դոնիցետտիի թատրոնում կայացած՝ փառատոնի բացման համերգի մասին Բերնարդինո Զապպան նշում է. «Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ի սյուիտը երեկոյի յուրահատուկ նախաբանն էր, որը վստահված էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (103 պրոֆեսորական մակարդակի երաժիշտներով): Ստեղծագործության կրքոտ կանտաբիլները, համադրված հստակ սահմանված ռիթմիկ գծերով, իր վիզուալ գունեղությամբ սաունդթրեք է հիշեցնում՝ ընդգծված սիմֆոնիկ խորությամբ:

Երեկոյի աստղը երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանն էր՝ մարմինն ընդգծող, երկար զգեստով: Նա փայլեց՝ Չայկովսկու հավերժական ձգողականությամբ օժտված Դաշնամուրի թիվ 1 կոնցերտի կատարմամբ։ Այս գլուխգործոցը բացահայտեց Գևորգյանի երիտասարդ տարիքին չհամապատասխանող հասունությունն ու բեմական խարիզման, հզոր հեղինակությունն և ճկունությունը, որը արժանի է նրա մեծ գործընկերներին, ովքեր իրենց հետքն են թողել այս գործի մեկնաբանության պատմության մեջ՝ Արգերիխից մինչև Զիլբերշտեյն: …

Հայաստանի նվագախմբի ավտորիտար և պրագմատիկ ղեկավար Էդուարդ Թոփչյանը Կոնցերտը սկսեց զարմանալիորեն հեգնական տոնով և սարկաստիկ երանգներով (թվում էր, թե այն կանխատեսում էր Շոստակովիչի շքեղ վերջաբանը)։ Դաշնակահարուհու և նվագախմբի երկխոսությունը կառուցված էր շատ մանրակրկիտ: Երբեմն հզոր, երբեմն մտերմիկ ֆրազները ծավալվում էին, ինչպես Եվայի երկար մազերը։

Անհերքելի է, որ Եվա Գևորգյանը 22 տարեկն երիտասարդ երաժիշտի համար ցուցադրում է արտակարգ հասունություն, երկաթյա դիմացկունություն և գերազանց տեխնիկա, որն օգտագործում է միայն արտահայտչական և ոչ թե ցուցադրական նպատակով:

Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիայի վիրտուոզ կատարմանը, որը կոմպոզիտորի առաջին սիմֆոնիան էր Ստալինի մահվանից հետո՝ լի սարկազմով և հակասական, անակնկալ ու շփոթեցնող արտահայտչական ազդակներով, որոնք հաճախ ուղեկցվում էին ակնհայտ երկիմաստությամբ» (L’Eco di Bergamo, 29.04.2026):

Նվագախմբի եվրոպական տուրնեն շարունակվում է՝ հայ երաժշտարվեստի շունչը հասցնելով Հին աշխարհի սիրտը. այժմ համերգներ են ընթանում Ավստրիայում և Շվեյցարիայում՝ առջևում են Գերմանիայի և Իսպանիայի համերգասրահները Այս շրջագայությունը վկայում է Հայաստանի 100-ամյա նվագախմբի բարձր վարկանիշի և եվրոպական երաժշտական մշակութային դաշտում ունեցած պահանջարկի մասին:

Նվագախումբը հանդես է գալիս մենակատարների տպավորիչ կազմով. մեր ժամանակների մեծագույն ջութակահարներից Օգյուստեն Դյումեյը և հռչակավոր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իրենց մասնակցությամբ ամրապնդում են շրջագայության միջազգային բարձր կարգավիճակը, իսկ ծագող աստղեր դաշնակահարներ Եվա Գևորգյանը և Ջոզեֆ Էդուարդո Մեսսալիի ելույթները թարմություն և վիրտուոզություն են հաղորդում համերգային ծրագրին: Ազդեցիկ է նաև դիրիժորների ցանկը, համերգներն անցնում են Էդուարդ Թոփչյանի (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոյի (Իտալիա) և Բենջամին Ցվիկի (Շվեյցարիա) ղեկավարությամբ:

Համերգային երկացանկում ընդգրկված են դասական երաժշտության ծանրակշիռ գլուխգործոցներ: Սա յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական բարձր մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին: Ի թիվս այլ ստեղծագործությունների, կհնչեն Դմիտրի Շոստակովիչի վիթխարի և տպավորիչ Սիմֆոնիա թիվ 10-ը, Գուստավ Մալերի վեհաշուք Առաջին՝ «Տիտան» սիմֆոնիան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, Պյոտոր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից:

Այս շրջագայությամբ ևս մեկ անգամ կամրապնդվի Հայաստանի մշակութային ներկայությունը Եվրոպայի հեղինակավոր բեմերում:

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարները՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկի եվրոպական տուրնեից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031