Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հալ ունե՞ք դիմանալու Ռուսաստանի պատասխանին». Հրանտ Բագրատյանը՝ Հայաստանի վրա ԵՄ համայնքի գագաթնաժողովի հնարավոր հետևանքների մասին

Մայիս 06,2026 19:01 Share

«ԵՄ քաղաքական համայնքի խորհուրդը տեղի է ունենում տարեկան չորս անգամ։ 50 երկրներից ոմանք անհամբեր հերթի են կանգնած, ոմանք չեն էլ ուզում ընդունել, որովհետև բավականին ծանր ու ծախսատար խորհուրդ է, որն իրականացվում է հիմնականում հրավիրող կողմի բյուջեի հաշվին»,- ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Ի՞նչ լիազորություն ունի այդ խորհուրդը։ Առանձնապես ոչ մի։ Ինքը խորհրդակցական է, քվեարկությունը ոչ մի բան չի նշանակում։ Ասեմ՝ եթե երկիրը դառնում է Եվրամիության անդամ, պարտադիր է նրա հավանությունը։ Ինչո՞ւ որոշեցին Հայաստանում անել։ Այսպես մտածենք․ եթե համը չհանեին և հակառուսականությունը առաջ չբերեին, գուցե ոչինչ։ Եկել են մեր երկիր, մենք էլ հյուրընկալող երկիր ենք։ Բայց իրենք դա սարքեցին շոու։ Եվ շոուն կապված էր Զելենսկու այցի հետ։

Այնտեղ տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ Զելենսկին էր, մյուսը, երբ որ Ալիևը դիմեց, Ռոբերտա Մացոլան էլ պատասխանեց։ Սա փոքրիկ բան է, որ ասենք դեմոկրատական երկիր ենք, դրա համար ենք ընդունում։ Հայաստանը դա կուլ տվեց։ Խոսքն այն մասին է, որ նույնիսկ Եվրոպայի քաղաքական խորհուրդը, որը առանձնապես չի ուզում գլխացավանք ունենալ Հայաստանի հետ, որոշում էր ընդունել, որ արցախցիները պիտի վերադառնան Արցախ։

Ինչո՞ւ էին Զելենսկուն հրավիրել։ Իրենք ունեն Զելենսկու հետ հանդիպելու, ռազմական օգնություն ցույց տալու հազար հատ ֆորմատ։ Այսինքն, Հայաստանի օժանդակությամբ կազմակերպված Զելենսկու այցելությունը Եվրոպական քաղաքական համայնքի ֆորում դարձավ հակառուսական իրադարձություն, թշնամություն։ Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել։ Այսօր Ռուսաստանն աշխարհում ունի արդեն երկու մեծ թշնամի։ Արդեն սա պետք է ֆիքսենք ու հասկանանք։ Մեկը Ուկրաինան է, մյուսը՝ Հայաստանը։ Իսկ իր թշնամիների հետ Ռուսաստանը միշտ պատերազմում է, որովհետև ունի իր շահերը։ Անթույլատրելի է համարում իր սահմանների մոտ նման թշնամանքը։ Սա պետք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հասկանա։ Կամ էլ՝ ավելի շուտ պետք է հասկանա այն քաղաքական ղեկավարությունը, որը կգա հունիսի 7-ի ընտրություններից հետո»,- ասաց պարոն Բագրատյանը։

Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ այս ամենը միտումնավոր է արվում։ «Այնպես չէ, որ Հայաստանը չէր հասկանում։ Հայաստանը պետք է ասեր․ «Եթե դուք Զելենսկուն կանչում եք այստեղ, ես հրաժարվում եմ քաղաքական գագաթնաժողովի կազմակերպումից, ես գործ չունեմ դրա հետ»։ Հայաստանը պիտի ասեր․ «Ես չեմ կարող հանդուրժել իմ դաշնակցի նկատմամբ այդ գործողությունը»։

Ինձ համար անսպասելի էր, որ Հայաստանն այդքան կիջնի։ Ալեն Սիմոնյանն ասում է․ «Վերջապես սկսել ենք քաղաքականություն վարել»։ Բայց ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել։ Ձեր անկախության քաղաքականությունը Ռուսաստանին քրֆե՞լն է, որտեղից տարեկան $ 7 միլիարդ սուբսիդիա եք ստանում։ Ուզեն–չուզեն՝ ռուսները պետք է փոխեն այդ գները։ Համենայն դեպս, այս իշխանության օրոք։ Ամեն ինչի գինն էլ պետք է փոխեն։ Ինչի՞ պետք է 3-4 անգամ էժան գազ տան։ Ու դուք էլ գալու եք՝ ասեք, «Ըհըն, տեսա՞ք, որ թշնամի են ռուսները։ Բա որ ձեզ ասում էինք»։ Բայց դուք եք սարքում, դուք եք կազմակերպել։ Ռուսներն այդպիսի մտադրություն չունեին։ Դուք բերել եք Զելենսկուն, որը նստած պատմում է, թե ինչպես է հարվածում Մոսկվային։ Դա ձե՞ր գործն է, Ռուսաստանը ձեզնից ոչինչ չի խնդրում։ Ընդամենը խնդրում է չեզոքություն։ Ինչի՞ եք դիտավորյալ այդպիսի բաներ անում։ Չէ՞ որ նման բաների համար պետք է լինելու պատասխան։ Եվ այդ պատասխանը ռուսները տալու են։ Դուք հալ ունե՞ք դիմանալու այդ պատասխանին։

Ռուսները պատասխանելու երկու ձև ունեն։ Թուրքերը հասկանում են, որ եթե Հայաստանին մի վատ բան անեն, ռուսները Հայաստանի կողքին չեն կանգնի։ Երկրորդ, ամբողջ ռեսուրսներն իրենց ձեռքին են։ Այս տարի մենք Ռուսաստանից կստանանք $ 7,5 միլիարդի սուբսիդիա։ Մի տարում Եվրամիությունը մեզ տալիս է 2,5 մլրդ եվրո։ 2018-ին խոստացված փող է՝ մինչև հիմա տալիս են»,- ասաց Հայաստանի նախկին վարչապետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031