Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տարեց կնոջ ցասումն ու Միքայել Սրբազանին պատժող դատախազների լռությունը․ ի՞նչ է կատարվել դատական նիստի ընդմիջմանը

Մայիս 06,2026 20:11 Share

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, երբ մի քանի րոպերով ընդմիջվեց Շիրակի թեմի առաջնորդի դատական նիստը, Միքայել Սրբազանի աջակիցները փորձեցին զրույցի բռնվել երկու դատախազների հետ։

«Էս ինչ է, հերիք է, մեղք ենք, մենք էլ մեղք ենք», -ասաց հավատացյալ մի կին։

«Տվեք մեր Սրբազանին, թող էսօր մեր հետ տուն վերադառնա»,- բացականչեց մեկ ուրիշը։

Նրանք սակայն չբավարարվեցին միայն Միքայել Սրբազանի շահերը պաշտպանելով․ նեղվեցին նաև Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար։

Կանանցից մեկն ասաց, որ նախկինում թուրքերով բնակեցված գյուղերի եկեղեցիների խաչերը, գմբեթները Վարդան Ղուկասյանն է բերել-դրել ու որպես օրինակ՝ մեջբերեց Հայկաձորինը։

«Ինչի՞ են կալանավորել, ինչի՞, ի՞նչ է արել էդ մարդը, չի կարելի, դուք եք դատավորն ու դատախազը, արդար դատեք, չի ասում Սայաթ-Նովան»,- ասաց ըմբոստացած կինը։

Հիշեցնենք, որ երեկ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ էին Միքայել Սրբազանի երիտասարդ աջակիցները ոտքի կանգնել։

Կրելով Սրբազանի լուսանկարով վերնաշապիկներ, որտեղ անգլերեն լեզվով գրված էր․ «Ազատություն, Միքայել Սրբազանին», նրանք բողոքի ցույց անցկացրեցին Վարդանանց հրապարակում։ Շիրակի թեմի պատշգամբներից մեկից էլ՝ ի ցույց բարձրաստիճան հյուրի, կախեցին ուշադրություն գրավող «Սրբազան հայր, մենք ձեր կողքին ենք» վերտառությամբ մեծ ցուցապաստառը։

Նրանք նաև գրավոր են դիմել Մակրոնին, որտեղ ասված է․

«Հարգելի՛ նախագահ Մակրոն,

Հարգելի՛ հյուրեր,

Բարի գալուստ Գյումրի։

Դուք գտնվում եք Վարդանանց հրապարակում՝ մի ամբողջ ժողովրդի հոգևոր ինքնության երկու խորհրդանիշների միջև՝ Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։ Սակայն այսօր այս տարածքը առավելապես սահմանափակման, քան ազատության խորհրդանիշ է դարձել։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում շատերը համարում են քաղաքական հետապնդման ենթարկված անձ, ամիսներ տևած կալանքից հետո շարունակում է գտնվել տնային կալանքի տակ․ նրա ազատությունը սահմանափակված է, իսկ ձայնը՝ լռեցված։ Բացի այդ, ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ այնպիսի հանգամանքներում, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում քաղաքական շարժառիթների վերաբերյալ՝ նախորդ ամիսներին արձանագրված սպառնալիքների և ճնշումների ֆոնին։

Սա մեկուսացված դեպք չէ։

Մենք ականատես ենք զարգացումների, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտումների առնչությամբ, հատկապես՝ պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքի տեսանկյունից։

Քաղաքական իշխանությունները նույնիսկ նախընտրական ծրագրերում ներառել են դրույթներ, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանը՝ ներառյալ նրա ղեկավարությանը վերաբերող հարցերը։

Նման գործողությունները հանդիսանում են կրոնական հաստատության կյանքի նկատմամբ բացահայտ միջամտություն։

Առավել մտահոգիչ է նաև ճնշումը, որն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ աշխարհի հայության հոգևոր առաջնորդի, ով բախվել է մեղադրանքների և սահմանափակումների, որոնք խոչընդոտում են իր առաքելության ազատ իրականացմանը և աշխարհի տարբեր երկրներում իր հավատացյալների հետ ազատ հանդիպումներին։

Սրանք պարզապես ներքին հարցեր չեն։ Սրանք հիմնարար իրավունքների հարցեր են։

Հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ հյուրեր,

Այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը՝ մարդկային արժանապատվություն, կրոնի ազատություն, խոսքի ազատություն և իրավունքի գերակայություն, այսօր դրվում են փորձության առաջ։ Նման զարգացումների նկատմամբ լռությունը վտանգում է հենց այդ սկզբունքների թուլացումը։

Մենք կոչ ենք անում հստակ ուշադրության, սկզբունքային ներգրավվածության և այն իրավունքների ու ազատությունների հետևողական պաշտպանության, որոնք միավորում են ժողովրդավարական հասարակություններին։

Սա այն պահն է, երբ անհրաժեշտ է պաշտպանել այդ արժեքները ոչ միայն խոսքով, այլև գործով»։

Նշենք, որ տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանը երեկ Շիրակի թեմի իր կեցավայրի պատշգամբից էր հետևում Վարդանանց հրապարակում տեղի ունեցող իրադարձությանը՝ հայ-ֆրանսիական բարեկամության համերգին, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031