Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդիների մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր պետք է մտածեն՝ իրենց որդիները որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել»․ Սեյրան Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Մայիս 07,2026 11:56 Share

«Որդիները շատ ցածր մակարդակի գործունեություն են իրականացրել բանակում։ Բայց որդիների մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր պետք է մտածեն՝ իրենց որդիները որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել։ Եվ չի կարելի մարտի դաշտում վիրավորված մարդկանց դերակատարությունը նսեմացնել եւ ասել՝ «պատահական վիրավորվածություն»,- խորհրդարանում երեկ իրեն եւ իր որդուն ուղղված մեղադրանքին պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, խորհրդարանում այսօր շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության քննարկումները։ Դրանք վերածվեցին ընդդիմություն-իշխանություն հերթական լեզվակռիվների։ Իշխող ուժի պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Անդրանիկ Քոչարյանն էին մեղադրանքներ հնչեցրել Սեյրան Օհանյանի որդու հասցեին՝ ասելով, որ հարավային ուղղությամբ պատասխանատվությունը նրա եւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ներքո է եղել եւ ճեղքումն այդ հատվածից է եղել։

Սեյրան Օհանյանը Անդրանիկ Քոչարյանին հորդորեց՝ «մարտի 1»-ից կրկին ու կրկին խոսելու փոխարեն, 44-օրյայի վերաբերյալ ընդդիմության առաջարկը քննարկի։ Իսկ ընդդիմությունն առաջարկել էր ԱԺ-ից դուրս համապատասխան օրենսդրությամբ ստեղծել համախոհության հանձնաժողով, որը պարիտետային հանձնաժողով կլիներ ու «չէր լինի այս իրավիճակը, որ իշխանություն ի պաշտպանություն իրեն կուրծք է ծեծում, ընդդիմությունն իր տեսակետն է պնդում, իսկ ժողովուրդը չի ստանում 44-օրյայի վերաբերյալ պատասխաններ»։

Սեյրան Օհանյանը պնդում է՝ մեղքը փորձ է արվում բանակի վրա դնել ամբողջությամբ, մինչդեռ պատասխանատվության աստիճանը պետք է հավասարաչափ բաշխված լինի՝ բանակում եւ բանակից դուրս։ Ըստ նրա, առաջին հերթին Ադրբեջանը պետք է միջազգային հարթակներում կրի պատասխանատվություն, այնինչ սանձարձակ կերպով շարունակում է Արցախի տարածքում պատմամշակութային հուշարձանները վերացնել, գերիներին պիտակավորել եւ ծաղրել։ Նաեւ՝ պատասխանատվություն պիտի կրեն այն դիվանագետները, ովքեր որ ստացել են 2019-ի փոխզիջումային տարբերակի առաջարկը եւ լռել են, «ծալել դրել են տակները, հետո ձեռ են առել ողջ դիվանագիտական կորպուսին, որ այդ փաստաթղթերը սառնարանի կամ դիվանի տակ էինք գտնում»։ Պատասխանատվություն պետք է կրեն պետական համակարգի այն մարդիկ, ովքեր 44-օրյայի ժամանակ «բանակի թիկունքին չեն կանգնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031