Գների ինդեքսի վրա ազդել է նաև հացահատիկային մշակաբույսերի և բրնձի գների աճը, ինչը պայմանավորված է Հորմուզի նեղուցի ճգնաժամի հետևանքով առաջացած խափանումներով։
Հռոմ — Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հրապարակած վերջին տվյալների՝ ապրիլին պարենային հիմնական ապրանքների համաշխարհային գների ինդեքսն աճել է երրորդ ամիսն անընդմեջ՝ էներգակիրների բարձր գների և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությամբ պայմանավորված խաթարումների հետևանքով։
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որն արձանագրում է համաշխարհային շուկայում շրջանառվող հիմնական պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին միջինում կազմել է 130,7 միավոր։ Այն 1,6 %-ով գերազանցել է մարտի վերանայված ցուցանիշը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,0 %-ով։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը մարտի համեմատ աճել է 0.8 %–ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.4 %–ով։ Սա արտացոլում է հիմնական հացահատիկային մշակաբույսերի գների բարձրացումը՝ բացառությամբ սորգոյի և գարու։ Համաշխարհային շուկայում ցորենի գներն աճել են 0.8 %-ով ԱՄՆ որոշ շրջաններում երաշտի վերաբերյալ մտահոգությունների և Ավստրալիայում տեղումների նորմայից ցածր մակարդակի մեծ հավանականության պատճառով։ Գների աճին նպաստել են նաև 2026 թվականին ցորենի ցանքատարածությունների կրճատման կանխատեսումները․ պարարտանյութերի բարձր գների պատճառով ֆերմերները նախապատվությունը տալիս են պարարտանյութերի քիչ սպառում պահանջող մշակաբույսերին։ Պարարտանյութերի թանկացումն իր հերթին պայմանավորված է էներգակիրների բարձր գներով և Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետևանքով առաջացած խափանումներով։
Կարդացեք նաև
«Չնայած Հորմուզի նեղուցի ճգնաժամի հետ կապված խափանումներին՝ համաշխարհային ագրոպարենային համակարգերը շարունակում են դիմակայունություն ցուցաբերել։ Հացահատիկային մշակաբույսերի գները մինչ օրս աճել են չափավոր կերպով՝ շնորհիվ նախորդ սեզոններից պահպանված համեմատաբար մեծ պաշարների և բավարար մատակարարումների։ Այդուհանդերձ, բուսական յուղերի շուկայում նկատվում է գների ավելի զգալի աճ, ինչը հիմնականում պայմանավորված է նավթի գների բարձրացմամբ։ Վերջինս մեծացնում է կենսավառելիքի պահանջարկը և լրացուցիչ ճնշում գործադրում բուսական յուղերի շուկաների վրա», — նշել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։
Համաշխարհային շուկայում եգիպտացորենի գներն աճել են 0.7 %-ով՝ առաջարկի սեզոնային կրճատման, Բրազիլիայում եղանակային պայմանների հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև ԱՄՆ որոշ շրջաններում ցանքի վրա ազդող չորային պայմանների պատճառով։ Գների աճին լրացուցիչ նպաստել են նաև չմշակված նավթի բարձր գների պայմաններում էթանոլի կայուն պահանջարկը և պարարտանյութերի մատչելիության վերաբերյալ պահպանվող մտահոգությունները։ Ի հակադրություն դրան՝ սորգոյի համաշխարհային գները նվազել են 4,0 տոկոսով՝ գլխավորապես ներմուծման համաշխարհային պահանջարկի նվազման և հիմնական արտադրող ու արտահանող երկրներում մատակարարման հեռանկարների բարելավման արդյունքում։
ՊԳԿ բրնձի բոլոր տեսակների գների ինդեքսն ապրիլին աճել է 1,9 %-ով՝ պայմանավորված «Ինդիկա» և բուրավետ տեսակների թանկացմամբ։ Սա արտացոլում է արտադրության և իրացման (մարքեթինգային) ծախսերի աճը բրինձ արտահանող երկրների մեծ մասում, ինչը հետևանք է նավթի և դրա ածանցյալների գների կտրուկ բարձրացման։
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 5,9 %–ով՝ հասնելով 2022 թվականի հուլիսից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշին։ Այս աճը պայմանավորված է արմավենու, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի գների թանկացմամբ։ Արմավենու յուղի միջազգային գներն ապրիլին աճել են հինգերորդ ամիսն անընդմեջ։ Հիմնական պատճառը բիովառելիքի կանխատեսվող մեծ պահանջարկն է, որն իր հերթին պայմանավորված է մի շարք արտադրող երկրներում քաղաքական նախաձեռնություններով և չմշակված նավթի բարձր գներով։ Գների վրա լրացուցիչ ճնշում են գործադրել նաև Հարավարևելյան Ասիայում առաջիկա ամիսներին արտադրության ծավալների հնարավոր նվազման հետ կապված մտահոգությունները։
ՊԳԿ մսամթերքի գների ինդեքսը ապրիլին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ մարտի համեմատ աճելով 1,2 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,4 %-ով։ Տավարի մսի համաշխարհային գները գրանցել են նոր առավելագույն ցուցանիշ՝ Բրազիլիայում արտահանման գնանշումների բարձրացման ազդեցության ներքո։ Սա հետևանք է սպանդի ենթակա խոշոր եղջերավոր անասունների սահմանափակ առաջարկի, ինչն արտացոլում է երկրում գլխաքանակի վերականգնման ընթացիկ գործընթացը։ Խոզի մսի գները նույնպես աճել են՝ պայմանավորված Եվրոպական միությունում սեզոնային պահանջարկի ավելացմամբ և գնանշումների բարձրացմամբ։ Այս աճը, սակայն, մասնակիորեն հավասարակշռվել է Բրազիլիայում գրանցված ցածր գներով, որտեղ առկա են բավարար պաշարներ։
Ի հակադրություն, ՊԳԿ–ի կաթնամթերքի գների ինդեքսը մարտի համեմատ նվազել է 1,1 %–ով։ Սա արտացոլում է կարագի և պանրի միջազգային ցածր գնանշումները, ինչը պայմանավորված է Եվրոպական Միությունում կաթի առատ մատակարարումներով և Օվկիանիայում սեզոնի ավարտին սպասվածից ավելի մեծ արտադրողականությամբ։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ևս նվազել է՝ մարտի համեմատ 4,7 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21,2 %-ով։ Անկման հիմնական պատճառը ընթացիկ սեզոնին համաշխարհային առատ պաշարների կանխատեսումներն են, որոնք հիմնավորված են ասիական հիմնական արտադրող երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում և Թայլանդում, արձանագրված բարելաված հեռանկարներով։ Շաքարի գների նվազմանը նպաստել է նաև աշխարհում շաքարի խոշորագույն արտադրող Բրազիլիայում բերքահավաքի մեկնարկը։
Հացահատիկային մշակաբույսերի շուկաներն ապահովված են բավարար պաշարներով, սակայն անորոշությունները պահպանվում են
Ուրբաթ ՊԳԿ-ն վերանայել է 2025 թվականի համար հիմանական հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության կանխատեսումը և բարձրացրել է ցուցանիշները՝ ամրապնդելով 2025-2026 թթ. պաշարների մասով ընդհանուր բարենպաստ իրավիճակի վերաբերյալ ակնկալիքները։ Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունն այժմ կանխատեսվել է 3040 մլն տոննա, որը 6 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ինչ վերաբերում է 2026 թվականի բերքին, ապա ցորենի համաշխարհային արտադրության վերաբերյալ ՊԳԿ վերջին կանխատեսումն այս ամիս փոքր-ինչ նվազել է և այժմ կազմում է 817 մլն տոննա։ Սա նախորդ տարվա համեմատ շուրջ 2 %-ով պակաս է, թեև ակնկալվում է, որ արտադրության ծավալները միևնույն է կգերազանցեն վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը։ Հեռանկարները շարունակում են անորոշ մնալ՝ Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման պատճառով, ինչը հանգեցրել է արտադրական ծախսերի (հատկապես էներգակիրների և պարարտանյութերի) աճին՝ ցորենի համեմատաբար ցածր գների ֆոնին։
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգի (AMIS) թարմացում
ՊԳԿ-ի կողմից համակարգվող Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը հրապարակել է իր ամենամսյա «Շուկայի մշտադիտարկում» զեկույցը: Ի լրումն պարբերական թարմացումների, զեկույցում ընդգծվում է, որ ապրիլին համաշխարհային շուկաները բախվել են նոր մարտահրավերների, քանի որ Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը շարունակել է խաթարել պարարտանյութերի մատակարարումը: Սա հանգեցրել է կարբամիդի և ֆոսֆատների գների աճին՝ էլ ավելի խորացնելով պարարտանյութերի մատչելիության խնդիրը և մեծացնելով գյուղատնտեսական արտադրության հետ կապված հետագա ռիսկերը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԳԿ)


















































