Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է. «Փաստ»

Մայիս 12,2026 09:00 Share

Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել…»: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, թե «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել, էնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ…»:

Եթե խիստ հակիրճ, ապա թե՛ Ղարաբաղյան շարժման, թե՛ Արցախի՝ «ինչով մերը լինելու» մասին Փաշինյանի հայտարարությունները գաղափարաքաղաքական դիվերսիա են Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Սա՝ մեղմ, նույնիսկ շատ մեղմ ասած:

Սկսենք նրանից, որ եթե Փաշինյանը (նրա ՔՊ-ն էլ իր հետ, իհարկե) Ղարաբաղյան շարժումը համարում է «ճակատագրական սխալ», ապա ինքնաբերաբար ստացվում է, որ սխալ և անընդունելի են նաև դրա հետ կապված անմիջականորեն առնչվող զարգացումները, իրողությունները, գործիչները, հերոսները: Ամեն ինչը: Այն ամենը ու բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, ովքեր ներգրավվել են այդ շարժման մեջ, ովքեր կյանքը չեն խնայել, որպեսզի այդ շարժումը հասնի հաջողության:

Այսինքն, սա Փաշինյանի հերթական «ցաքուցրիվ» հայտարարությունը չէ, սա Փաշինյանի՝ Արցախի ու Արցախի հայության դեմ անթաքույց ատելության հերթական դրսևորումը չէ միայն: Սա շատ ավելի հեռուն գնացող ու բազմապատիկ ավելի վտանգավոր հայտարարություն է: Առհասարակ, «ճակատագրական սխալ» արտահայտությունը ավելի շատ հուզականություն է պարունակում: Բայց դա երկրորդական նրբերանգ է: Իսկ հիմնականն ու առանցքայինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է: Եթե կուզեք՝ ծնունդ:

Հետևաբար, եթե Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ռազմավարական (ճակատագրական) սխալ է եղել, ապա դա ուղիղ գծով նույնն է, եթե ասի, որ Հայաստանի Հանրապետության հռչակումն ու կայացումը սխալ են, պետք է այդ սխալն ու դրա հետևանքները (արդյունքները) վերացնել: Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարությունը հենց Հայաստանի պետականությունը լուծարելու մասին է:

Այսինքն, Ղարաբաղյան շարժման վրա Փաշինյանի հարձակումը նույնն է, նույն տրամաբանության և ուղեգծի մեջ է, ինչ Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ նրա հարձակումները, արմատապես անընդունելի գնահատականներն ու բնորոշումները: Մեծ հաշվով, երբ հարվածում ես Անկախության հռչակագրին, այդ հիմնարար փաստաթղթին արված հղումն ուզում ես ջնջել Սահմանադրության նախաբանից, «ճակատագրական սխալ» ես հռչակում Ղարաբաղյան շարժումը, ապա ոչ միայն ուրանում ես այդ ամենը, այլև հարվածում ես Հայաստանի անկախության հիմքերին, հարցականի տակ ես դնում մեր պետության գոյության իրավունքն ինքնին:

Մի բան, որի մասին արդեն մի քանի տասնամյակ երազում են, որի ուղղությամբ աշխատում են հարևան Թուրքիան և Ադրբեջանը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031