«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունները Հայաստանի մասին արդյոք ճնշո՞ւմ չեն Հայաստանի վրա։ «Ինձ համար անընդունելի է ցանկացած հայտարարություն, եթե միջամտում է Հայաստանի գործերին։ Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում եւ համարում եմ ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի այն տեսակետներին, թե ինքը «Պուտինին բերել է Հայաստանի վրա», Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Այո, բանտի խցից ես զանգեցի Պուտինին, ասացի՝ անպայման մի հատ Հայաստանի վրա տես ինչ ես անում»։
Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն ուղղված «պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձեւակերպմանը։
«Ես կարող եմ ասել, որ իրենք քառագլուխ են՝ քառակուսի գլուխ են։ Գլուխները նորմալ չի, քառակուսի ձեւ ունի, դրա համար թե որտեղից ինչ դուրս կտան, չգիտենք»,- ասաց Կարապետյանը։
Կարդացեք նաև
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ընդդիմության մասին, թե «Իրենք ո՞վ են, որ իշխանության գան», Սամվել Կարապետյանն ասաց․ «Իսկ ինքն ո՞վ է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































