Մայիսի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում 2025 թվականի նոյեմբերի 14-ին իրականացված մշտադիտարկման չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
📝Քննարկումը վարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ 👥Մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի ներկայացուցիչները։
🗣Լաուրա Գասպարյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են արձանագրված խնդիրների արդյունավետ լուծմանը և համագործակցության ամրապնդմանը։ «Մենք ողջունում ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև համագործակցության պատրաստակամությունը՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ, դեռևս մտահոգիչ են մնում մի շարք համակարգային խնդիրներ, և մեր ակնկալիքն է, որ դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվեն հետևողական ու արդյունավետ քայլեր»,- նշել է Լաուրա Գասպարյանը։
📌Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված հիմնական խնդիրներին, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի ապահովմանը, զսպման միջոցների կիրառմանը, բժշկական փաստաթղթերի վարմանը, բժշկական օգնության և սպասարկման շրջանակում խնամարկյալների իրազեկված համաձայնության ապահովմանը, բժշկական պարագաների օգտագործմանն ու դեղորայքի պահպանմանը, ատամնաբուժական ծառայությունների հասանելիությանը, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպմանը, խնամարկյալների մոտ արձանագրված վնասվածքների վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, վատ վերաբերմունքների դեպքերի արդյունավետ քննարկմանը, օրական սննդի չափաբաժինների համապատասխանությանը և այլն։
Կարդացեք նաև
🎤Լաուրա Գասպարյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած միջամտություն իրականացվի բացառապես մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքի հիման վրա՝ օրենքի պահանջների խիստ պահպանմամբ և արդյունավետ վերահսկողության պայմաններում։
📝Քննարկման արդյունքում առաջարկվել է ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ արձանագրված խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ արձանագրված խնդիրների լուծման, ներկայացված առաջարկությունների կատարման, ինչպես նաև դրանց վերաբերյալ հետադարձ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։
🔎Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ոլորտի մշտադիտարկումը և հետևողական աշխատանքը՝ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


















































