Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնի շրջանակում Մեղրիում ներկայացված են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները

Մայիս 17,2026 12:00 Share

Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում կդառնա ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:

Փառատոնի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։

Նախարարն առանձնակի կարևորել է փառատոնը Հայաստանի ամենահարավային քաղաքում՝ Մեղրիում անցկացնելու հանգամանքը․ «Ուրախ եմ, որ այս առիթով Մեղրիում են նաև տարբեր երկրների մեր գործընկերները՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Սա լրացուցիչ հնարավորություն էր նաև բոլորիս համար՝ առանձնակի բացահայտելու Սյունիքի տարբեր բնակավայրերի և հատկապես Մեղրիի արվեստագետներին ու ստեղծագործողներին։ Սա ցույց է տալիս, որ այսօրինակ միջոցառումները յուրահատուկ հարթակներ են ճանաչելու ստեղծագործողներին ու այս դեպքում՝ արհեստներով զբաղվող մարդկանց՝ միաժամանակ բնակավայրերը դարձնելով շարժուն նոր միջավայրեր թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Մեղրիի պոտենցիալը բացահայտելու և մշակութային, զբոսաշրջային ռեսուրսները գործուն դարձնելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ էլ համայնքի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում։

Փառատոնի այցելուները ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, բացահայտել մարզին բնորոշ բացառիկ խոհարարական հմտությունները: Փառատոնի շրջանակում Մեղրիում ներկայացված են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք: Փառատոնի գլխավոր նպատակն է ձևավորել ստեղծարար համայնք՝ Մեղրի համայնքի մշակութային ինքնատիպության և ստեղծարար ներուժի աշխուժացմամբ՝ միավորելով Մեղրիի և Հայաստանի տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ մշակութային հարթակում։ Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կազմակերպվել են նաև կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ՝ լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով։ Տեղի է ունեցել նաև լարախաղացության ներկայացումը:

Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031