Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի քայքայված և աղճատված ժողովրդավարությունը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել խաղաղության. Բագրատ արք. Գալստանյան

Մայիս 18,2026 17:39 Share

Ե. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանության տարածած կեղծ և մոլորեցնող թեզերից մեկն այն է, որ ժողովրդավարությունը անվտանգության և խաղաղության երաշխավորն է: Նույնիսկ մի ժամանակ փորձում էին հասարակությանը դնել երկընտրանքի առջև, թե ո՞րն է գերակա կամ նախընտրելի` ժողովրդավարությո՞ւնը, թե՞ անվտանգությունը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրենք ո’չ ժողովրդավար են, և ո’չ էլ կարողունակ ապահովելու քաղաքացու և երկրի անվտանգությունը` իրենք իսկ լինելով սպառնալիք ինչպես ժողովրդավարությանն, այնպես էլ քաղաքացու և պետության անվտանգությանը:

Թեպետ, ինչպես ասվում է, ժողովրդավարությունը ցայսօր գտնված կառավարման լավագույն մոդելն է, այսուհանդերձ, ընդհանուր առմամբ, այն պետք է գործուն կերպով առանցքված լինի որոշակի արժեհամակարգով` արդարությամբ, ճշմարտությամբ, իրավունքով, պատասխանատվությամբ և մարդու պատվով և արժանապատվությամբ: Այլապես այն կվերածվի կեղծիքի և չարիքի` ինքնահարմար և ինքնահնար, ինչպես պիղատոսյան «ժողովրդավարությունն» էր, որի հետևանքով Արդարը ստորադասվեց անարդարին:

Հետևաբար, ժողովրդավարությունը սոսկ միջոց է և ոչ վերջնանպատակ և առավել ևս չի կարող լինել խաղաղության երաշխավոր ո’չ ներքին կյանքում, և ո’չ էլ արտաքին մարտահրավերների դիմաց: Ավելին, ժամանակակից աշխարհում ամենազազրելի հանցագործություններն իրականացվում են ժողովրդավարության պաստառի ներքո` և’ «ժողովրդավարների» կողմից, և’ «ժողովրդավարության» պահանջներին զոհ դարձող քաղաքացիների և երկրների նկատմամբ:

Այսպիսի քայքայված և աղճատված ժողովրդավարությունը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել խաղաղության, երբ ժողովրդավարությունն ինքը կարիք ունի պաշտպանության և երաշխավորության:
Հետևաբար, նման ժողովրդավարությունը ինքնին սպառնալիք է ներհանրային խաղաղության և հաշտության նկատմամբ, ինչպես և` անկարող որևէ կերպով երաշխիք լինել արտաքին սպառնալիքի դիմաց:

Ամփոփելով, կրկին ցանկանում եմ նշել, որ ժողովրդավարությունը չի կարող ամբողջանալ առանց բարոյագիտական հիմքի և գիտակցության` միտված արդարության հաստատմանը, համընդհանուր բարիքի ստեղծմանը և մարդու արժանապատվության գնահատմանը, առանց որոնց խաղաղությունը կմնա պատրանք. «Տերը արդարություն է սիրում, Ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ. 10:7):

Ի վերջո ակնհայտ է, որ ժողովրդավարության «գեղեցիկ» պաստառի ներքո աշխարհում բախումներն ու պատերազմները տեղի են ունենում տնտեսական և նյութական շահի գերակայություն և գերիշխանություն ունենալու նպատակով` սպասարկելով սպառողականությանը, բազմերանգ ներկայացող «աշխարհիկությանը», մեղքի ժխտողականությանը (externalization), բարոյականության հարաբերականությանը (relativizm)` փորձելով մարդուն վերածել սոսկ տնտեսական միավորի` թվանշանի արժեքով:

Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031