Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը տեղ չունի մնալու, դոմիկներում են ապրում, եղբայր, ի՞նչ 300 հազար ադրբեջանցի»․ Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 21,2026 23:50 Share

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում ելույթ ունեցավ՝ ներկայացնելով թե՛ «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, և թե՛ քննադատելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Նա ասաց, որ իր գործերը սկսել է Գյումրիից ու բեմ հրավիրեց այն կնոջը՝ տիկին Գայանեին, որն աշխատել է «Չուլոշին» տեքստիլ ֆաբրիկայում ու իրեն, առանց ճանաչելու, 10 հազար զուգագուլպա է տվել։

«Ինձ վստահեց։ Զգալով գյումրեցու կամեցողությունը, բարիությունը՝ միշտ պարտավորվածություն կա Գյումրու, գյումրեցու հանդեպ։ Ամեն մարդ անցյալը չպիտի մոռանա, որ միշտ պետք է պիտանի լինի, ոչ թե մարդիկ պիտի ճարտար խոսեն, սրտիկներ անեն, որ ես ձեզ սիրում եմ, այլ գործով պիտի ապացուցեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ այսօր պետական պարտքը 8 միլիարդով ավելացել է, ոչ մեկը չգիտի, թե որտեղ է ծախսվել, մինչդեռ կարող էին 60 միլիոնով տնակների մեջ ապրող 3 հազար ընտանիքի բնակարաններով ապահովել։

Նա քննադատեց ՔՊ-ին ծրագիր չունենալու համար, ասաց, որ 8 տարի ոչ մի բան չեն արել՝ բացի կորստից, պարտությունից ու վարկերի կուտակումից։

«Էսօր 19 կուսակցություն են մասնակցում, ամեն մեկն իր չափով գրել է, ասում է, ներկայացնում է, լավ են անում, ցավները տանեմ, բայց էն կուսակցությունը՝ ՔՊ-ն, ծրագիր ունի՞ էս անգամ, ի՞նչ է առաջարկում ձեր համար, ի՞նչ է անում, միայն վախեցնի, խլի, վիրավորի, ցեխ շպրտի։ Ժողովուրդն էսօր հոգնել է․ ո՛չ ուզում է հայհոյանք լսի, ո՛չ քֆրտի։ Էսօր մարդն ուզում է իր մասին մտածող լինի և գումարները նպատակային օգտագործի, էսօր ամբողջ ազգն է վարկի տակ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նշեց, որ այսօր կալանավայրերում տեղ չկա, կալանավորելուց հաճույք են ստանում։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ առաջին հերթին համաներում անել մինչև տաս տարվա ազատազրկվածներին։

Ցանկացած մարդ, ըստ նրա, սխալվում է, պիտի հնարավորություն տալ։

Նա ասաց, որ անհնար ոչինչ չկա, ծանոթ-բարեկամով երկիր չես կառուցի։

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ այսօր մեր երկրին պետք է երաշխավորված խաղաղություն, որպեսզի պատերազմի դուռը փակենք, իսկ վարչապետ Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը խաղաղություն չէ։

«Ցույց էին տալիս, իրենք մեր հողերի մեջ նստած սպասում են ընտրությունից հետո Սահմանադրություն փոխվի, սպասում են 300 հազար ադրբեջանցի բերեն Հայաստան։ Ժողովուրդը տեղ չունի մնալու, դոմիկներում է մնում, եղբայր, ի՞նչ 300 հազար ադրբեջանցի։

Ասում են՝ էդպես բան չկա, բացեք 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, Ալիևի հայտարարությունը, որ իմ ադրբեջանցիները պետք է գնան, Հայաստանում բնակվեն, ավտոբուսներով են գալու, բայց հանկարծ մեղադրեցիք, զորք ենք բերելու։ Ժողովուրդ ջան, մենք դա թույլ չենք տալու»։

Նա քննադատեց վարչապետին, որ սկզբում ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա ասում է․ «Արցախն Ադրբեջան է ու վերջ»։

Նա նշեց, որ մարդկանց հավաքում են՝ ԱԱԾ-ով, հարկայինով, ոստիկանությամբ, ու բոլորին ստիպում են գնալ հանդիպումների, ով չի գալիս, դիմում են գրել տալիս։

«Իրենք իրենց սպառել են, իրենց ասածները չեն արել, սա չի կարող շարունակվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ Ըստ նրա, եթե ՔՊ-ն մնա, այն, ինչ եղավ Արցախում, նույնը կլինի Հայաստանում։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն էլ է խաբել, ինքն էլ է ժամանակին հրապարակում եղել։

«Մարդիկ գալիս են հավաքվելու, ասում են՝ պարոն Ծառուկյան, սաղ քո հետ են, մարդիկ վախենում են գան, ասում են՝ գործից կհանենք կամ գործ կհարուցենք կամ խանութի վրա ակտ կգրենք, հիմա սա դեմոկրատիա՞ է։

Որ ասում էր՝ երեք միլիոն վարչապետ եք, ժողովուրդ ջան, հիմա թույլ չի տալիս, որ հերոսի մայրը մոտենա, հերոսի բարեկամը, հերոսի հայրը կամ զոհվածի մայրը մոտեցել է, բերանը փակել են, հետ են տանում, լսի մի հատ՝ ի՞նչ են ասում»,- քննադատեց Գագիկ Ծառուկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031