Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղը շարունակում է սովորել նույնիսկ անգիտակից վիճակում

Մայիս 22,2026 09:30 Share

Նոր հետազոտությունը նոր գիտելիքներ է փոխանցում անգիտակից վիճակում գտնվող մարդու ուղեղի մասին։

Baylor College of Medicine-ի հետազոտողները պարզել են, որ ուղեղը կարող է շարունակել սովորելը նույնիսկ ընդհանուր անզգայացման պայմաններում։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ անգիտակից վիճակում ուղեղը շատ ավելի ակտիվ և աշխատունակ է, քան նախկինում կարծում էինք»,- ասել է հետազոտության համահեղինակ, նյարդավիրաբույժ, դոկտոր Սամիր Ահետը։ «Նույնիսկ երբ հիվանդներն ամբողջական անզգայացման վիճակում են, նրանց ուղեղը շարունակում է վերլուծել շրջապատող աշխարհը»։

Հետազոտությունը, որը հրապարակվել է մայիսի 6-ին Nature ամսագրում, ներառել է էպիլեպսիայի վիրահատության ենթարկվող յոթ հիվանդի։ Մինչ հիվանդները գտնվում էին ընդհանուր անզգայացման տակ, գիտնականներն ուսումնասիրել են նրանց ուղեղի ակտիվությունը հիպոկամպում՝ գլխուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածում։

Սկզբում հետազոտողները կրկնվող միատոն ձայներ են միացրել, որոնք ընդհատվել են անսովոր հնչյուններով։ Նրանք հայտնաբերել են, որ հիպոկամպի նեյրոնները՝ մասնագիտացված նյարդային բջիջները, կարողանում են տարբերակել այդ ձայները։ Ավելին՝ ժամանակի ընթացքում դրանց տարբերակման հմտությունը բարելավվում է։

Երկրորդ՝ ավելի բարդ փորձի ընթացքում անգիտակից վիճակում գտնվող հիվանդների համար կարճ պատմություններ են միացրել։ Այս անգամ նեյրոնային ակտիվության պատկերները ցույց են տվել, որ ուղեղը կարողանում է տարբերակել խոսքի տարբեր մասերը՝ ներառյալ գոյականները, բայերը և ածականները։

Շատ ավելի հետաքրքիր էր այն, որ այդ ընթացքում ուղեղը կանխատեսում էր հաջորդ բառերը մինչև դրանց արտասանվելը։ Գլխուղեղի կողմից նման մշակումը սովորաբար բնորոշ է մարդու արթուն և կենտրոնացած վիճակին։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս արդյունքները կարևոր են կաթվածից և այլ վնասվածքներից տուժած մարդկանց բուժման մեթոդները բարելավելու տեսանկյունից։

Սակայն այս արդյունքները դեռևս վերաբերվում են միայն անզգայացման մեկ տեսակին և ուղեղի մեկ հատվածին, և դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նման հնարավորություններ կան, օրինակ, կոմայի դեպքում։

«Այս աշխատանքը մեզ ստիպում է վերաիմաստավորել «գիտակցություն» հասկացությունը»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը։ «Ուղեղը կուլիսների ետևում շատ ավելի ակտիվ է աշխատում, քան մենք կարող ենք պատկերացնել․․․»։

Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031