«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է Հայաստանի ներկային եւ ապագային վերաբերող հերթական երեք հարցերին։
–Եթե Հայաստանը երկաթուղային կապեր է բացում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով, ինչպե՞ս է ապահովվելու Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության վերահսկողությունը։ Ինչո՞ւ է իշխանությունը խոսում տնտեսական օգուտներից, բայց չի ներկայացնում հնարավոր անվտանգային եւ ռազմավարական ռիսկերը։
-Որովհետեւ այս իշխանությանը դա չի հետաքրքրում։ Իրենց համար շատ կարեւոր է, որ իրենց ղեկավարները գոհ մնան։ Իսկ ինչու է բացո՞ւմ։ Բացում է, որովհետեւ 300 հազար ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են, որպեսզի թե մեքենաներով, թե գնացքներով ժամանեն Հայաստան։ Տնտեսական էֆեկտ դրանում ես չգիտեմ՝ ինչքանով կա։ Բայց իրենք փակում են ամենագլխավոր ճանապարհը՝ մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ փչացնելով, թշնամացնելով հարաբերությունները, ինչը որ մենք ամեն օր տեսնում ենք։
-Ի՞նչ է «Սաֆարովների կանխարգելման օրենքը» եւ ինչո՞ւ է դրա ընդունումը կարեւոր Հայաստանի անվտանգության համար։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք չեն մասնակցի եւ չեն ստորագրի օրենքի ընդունմանը։
Կարդացեք նաև
-Ինձ չի թվում, որ կլինի այդպիսի մարդ, որը չի ստորագրի այդ օրենքը։ Իսկ ինչ է նշանակում օրե՞նքը։ Դա միակ տարբերակն է, որ Հայաստանը չհայաթափեն, Հայաստանը մնա հայկական, քանի որ մենք ամեն օր ունենք անհանգստություն, որ այս իշխանությունը հաջորդ փորձանքն է բերելու մեր երկրի գլխին։ Ինչպես Արցախի գլխին բերեցին, հիմա էլ կբերեն Հայաստանի գլխին։ Կբերեն, կլցնեն ադրբեջանցիներով, հետագայում կունենանք խաղաղ Հայաստան առանց հայերի։
Ես գտնում եմ, որ նույնիսկ պարտավոր են ստորագրել Փաշինյանի թիմակիցները, քանի որ Փաշինյանը շատ հաճույքով այս բոլոր փորձանքները բերելով՝ հանգիստ կգնա, կվայելի իր Կանադայի տունը, իսկ իրենք մնալու են Հայաստանում եւ ամեն օր առնչվելու են հայերի հետ եւ Հայաստանին բերած իրենց պրոբլեմների հետ։
-Հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Ուժեղ Հայաստանի» գլխավոր հանրահավաքը։ Ի՞նչ նշանակություն ունի այդ հանրահավաքը մեր հայ ազգի համար։
-Այդ հանրահավաքով մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքն արդեն համախմբված է, միասնական է եւ իր լուրջ խոսքն է ասելու, որ դեմ է 300 հազար ադրբեջանցիներին, դեմ է Փաշինյանի իշխանությանը։ Մենք պետք է այդ օրը ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Փաշինյանը բոլորիդ խաբում է, որ ինքը Հայաստանում չունի իշխանություն։
Ես ուրախ կլինեի, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ չեն ընտրելու, նույնպես մասնակցեին հանրահավաքին։ Դրանով նրանք կասեն իրենց խոսքը, որ իրենք էլ դեմ են ադրբեջանցիների Հայաստան գալուն։ Իսկ եթե իրենք չգան, ես անհանգստություն ունեմ, որ հաջորդ հանրահավաքներին հրապարակում կլինեն ադրբեջանցիները։
Բայց հունիսի 7-ից հետո մենք դա թույլ չենք տալու։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































