«Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, Վաղարշակ Հարությունյանի ստորագրած թղթով ուրացել են նույնիսկ նոյեմբերի 9-ը և զորքը ետ են քաշել, որի հետագա արդյունքը եղավ նաև 2022-ի ագրեսիան»,- Կապանում «Հայաստան դաշինքի» ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։
Նա ամբիոնից վրդովված հայտարարեց․ «Մեր աչքով ենք տեսել Ներքին Հանդում՝ երեք կողմից շրջապատված պարտադիր զինվորական ու թշնամին գլխին ամբողջ ճակատով նստած, պայմանագրային, երկրապահ, էն, ինչ ասում են ՄՈԲ։ Էդ ապահով վիճա՞կն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը վաղվա՝ իր շքերթն է ներկայացնում, որ նոր հանդերձանք ենք տվել բանակին։ Սուտ է ասում․ երեք տարի է խոստանում է՝ բանակի հանդերձանքը փոխի, չի արել։ Հունվարին ԱՄՆ-ից 3000 ձեռք համազգեստ է բերել շքերթի համար, հիմա էլ ասում է՝ բանակի համազգեստը փոխվել է։
Հիմա էլ առաջնագիծ, որ գնում եք, բանակի համազգեստը փոխվե՞լ է։ Տավուշից մինչև Մեղրի պայմանագրային զինծառայողների մեծ մասը աշխատավարձի բարձրացում չի տեսել։ Դրա համար «Հայաստան» դաշինքն ասում է՝ ոչ թե ատեստավորում՝ անհավասար պայմաններում, այլ ուղղակի բազային աշխատավարձը պետք է փոխվի ամբողջ բանակի համար։ Ներքին Հանդում կանգնած տղերքի մեծ մասը՝ տարիքն առած, որ հիմա քարտին են փոխանցում գումարը, ստանո՞ւմ են։ Գիտենք, որ մեծ մասը ԴԱՀԿ-ի տակ է։ Մարտական հերթապահություն են իրականացնում, պետությունը փողը փոխանցում է, գնում է ԴԱՀԿ-ով պետության գրպանը»։
Կարդացեք նաև
Կապանում «Հայաստան դաշինքի» ամփոփիչ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































