Ժողովրդավարական պետության դեմ օտարերկրյա հիբրիդային սպառնալիքների դիմագրավումը ազատ և արդար ընտրությունների համատեքստում
ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն նախընտրական քարոզչության իրականացումը արգելվում է մի շարք կատեգորիաների անձանց, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներին։ Այս արգելքը այն նվազագույն սահմանափակումն է, որը բխում է ընտրական գործընթացներում միջամտության բացառման սկզբունքից։ Այս արգելքի խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․8-րդ հոդվածը սահմանում է տուգանքի նշանակում, իսկ 16-րդ հոդվածը նշում է, որ վարչական պատասխանատվության հանդեպ անձեռնամխելիության իրավունքից օգտվող անձանց դեպքում պատասխանատվության հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով։
📍 Նախընտրական փուլում ՀՀ ներքաղաքական գոործընթացների վրա ազդեցության համատեքստում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել երեք իրողությունները։
1․ Այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող աջակցության, հավանության բովանդակությամբ ելույթները (ԱՄՆ նախագահի և փոխնախագահի, Ֆրանսիայի նախագահի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող և վարչապետի պաշտոնին հավակնող Սամվել Կարապետյանին)։ ՀՀ օրենսդրության շրջանակներում նման ելույթները կարող են գնահատվել առավելագույնը որպես վարչական պատասխանատվություն չենթադրող վարքագիծ։ Նման ելույթները ինքնին ոչ ստեղծում են սահմանադրական կարգի տապալման վտանգ, ոչ էլ նպաստում են ինստիտուտների զարգացմանը, սակայն կրում են ներքին գործընթացի, քաղաքացիների սուվերեն իրավունքի հանդեպ անհարգալից բնույթ և չպիտի խրախուսվեն:
Կարդացեք նաև
2․ Օտարերկրյա տեղեկատվական ձեռնածության և միջամտության օպերացիաները, որոնք մաս են կազմում հիբրիդային, այն է՝ խառնածին հարձակումների։ Այս հարձակումները, a priori, տեղի են ունենում արտաքին դերակատարների կամքով և նպատակ ունեն տեղեկատվական արշավների, հանցավոր պրակտիկաների, տնտեսական, դիվանագիտական, ռազմական ճնշման միջոցով ձևավորել վախի, անվստահության զգացում ընտրողների մոտ, ճնշում գործադրել ժողովրդի ազատ կամարտահայտման վրա և ուղղակի սահմանափակել քվեարկության ազատությունը։ Դիտորդական առաքելության շրջանակներում մենք ականատես ենք եղել նման միջամտությունների ոչ միայն այլ պետություններում, այլև Հայաստանի Հանրապետությունում 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրան հաջորդող բոլոր ՏԻՄ ընտրությունների ընթացքում՝ թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Նման հիբրիդային հարձակումները որակում ենք սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործունեություն, որոնց վտանգները, սակայն, հնարավոր չէ կանխարգելել գործող օրենսդրական մեխանիզմներով։ ՀՀ-ում, չնայած Անկախ դիտորդի կողմից շուրջ մեկ տարի իրականացրած ջատագովման աշխատանքներին, չձևավորվեցին անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմներ, որոնք հնարավոր կդարձնեին երաշխավորել հասարակության պաշտպանությունը նման հարձակումներից։
3․ Պետական մարմինների հզորացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը նպաստող միջազգային աջակցությունը, որը տեղի է ունենում և նախկինում էլ տեղի է ունեցել միայն ՀՀ կառավարության ուղիղ դիմումի կամ հրավերի դեպքում։ Նման աջակցության շնորհիվ մասնավորապես քվեարկության կազմակերպման համար ներդրվում են ընտրողների նույնականացման սարքերը, արդիականացվում են թվային միջավայրը և բարելավվում են ընտրական գործընթացների սուբյեկտների կարողությունները։ Այս աջակցությունը միանշանակ ողջունելի է, և անհերքելի է դրա կարևորությունը ժողովրդավար պետության դիմակայության և նախորդիվ նշված միջամտությունների քայքայիչ ազդեցությունը կանխելու, դիմագրավելու և նվազեցնելու համար։
🔎 Ակնհայտ է, որ օտարերկրյա մասնակցության այս երեք ձևերը և դրանց շարժառիթները խիստ տարբեր են և դրանց մեկնաբանությունը որպես հավասարազոր երևույթներ միտում ունի նվազեցնելու այն խիստ բացասական հասարակական, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ ազդեցությունը, որ արձանագրվել է տարբեր երկրներում, մասնավորապես Մոլդովայում, որտեղ բացահայտվել են համակարգված օտարեկրյա տեղեկատվական մանիպուլացիաների և տարատեսակ միջամտությունների միջոցով հիբրիդային հարձակումները։
Անկախ դիտորդ


















































