ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայից այսօր ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ՀՀ-ն չի բռնել Ուկրաինայի ճանապարհը:
Ի պատասխան՝ Զախարովան ասաց, որ ՀՀ հարցով ճիշտ կլինի սպասենք վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ նիստին, ու թվարկեց, թե ինչ է ԵԱՏՄ-ն տվել ՀՀ-ին. «Մեղմ ասած՝ քիչ բան չի տվել 10 տարվա ընթացքում»։
Զախարովան նաև հույս հայտնեց, որ Երևանը, այնուամենայնիվ, կառաջնորդվի պրագմատիզմի ճանապարհով. «Սա ուրիշ երկրներին սիրելու մասին չէ, սա սեփական անձը սիրելու մասին է։ Հույս ունենք, որ հենց այդ պրագմատիզմն ու իմաստությունը կհաղթեն հույզերին և օտար շահերին, ինչը ձգում է գործող իշխանություններին՝ տանելով եվրոպական վտանգավոր երազանքի հետևից: Իսկ եվրոպական երազանքի հետևից գնացողների փոսում բազմաթիվ կմախքներ կան»։
Զախարովան նաև հայտնեց, որ Երևանը մերժել է հավատարմագրել մի քանի ռուս դիտորդների հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Ըստ Զախարովայի՝ մինչև այս պահը մերժման որևէ պատճառ Հայաստանից չեն հայտնել. «Գաղափար չունենք՝ ինչ մեղք էին գործել այդ անձինք, որ մերժեցին հավատարմագրել»։
Կարդացեք նաև
Զախարովան ասաց, որ մերժում ստացած անձանցից մի քանիսին անձամբ է ճանաչում, նրանք ընդգրկված չեն ՀՀ այցելելու սև ցուցակում, որակյալ մասնագետներ են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































