ՀԱԿ-ն ակտիվ քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն անձամբ է բաժանում քարոզչանյութերը: «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ»,- ասում է մսի խանութի վաճառողին՝ փոխանցելով քարոզչաթերթիկը:
Տարեց մարդկանցից էլ հետաքրքրվում է՝ գնալո՞ւ եք ընտրության:
-Հա, բա ոնց,- հնչում է պատասխանը:
-Շատ եմ խնդրում, դա կարեւոր է,- ասում է Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
-Կքվեարկես չէ՞,- հարցնում է մեկ ուրիշին:
-Իհարկե,- պատասխանում է քաղաքացին, – դուք եք տերը մեր երկրի…
-Վայ, արեւդ ապրի,- արձագանքում է Արամ Մանուկյանը:
-Բարի հաջողում, ժողովուրդ, տեղը բերեցի՞ք ինձ,- հարցնում է Արամ Մանուկյանը նարդի խաղացող տղամարդկանց:
-Հա, Արամ Մանուկյան…
-Ապրի արեւդ, Արամ Մանուկյանը մի խնդրանք ունի՝ գնացեք ընտրության:
Արամ Մանուկյանը մոտենում է թղթախաղ խաղացող տղամարդկանց.
-Ժողովուրդ ջան, մի հատ վատ բան խոստանամ, մի երկու բառ խոսելու եմ, գնալու եմ, դուք սկսելու եք վիճել։
-Թեման ասա,- ասում է քաղաքացին:
-Գնացեք ընտրության, անկեղծ խնդրանքս սա է…
Այգում մի կին Արամ Մանուկյանին ասում է.
-Մենք ձեզ սիրում ենք, ուզում ենք, մեր երկիրը փրկվի:
«Հրաշալի ժողովուրդ ունենք, վերջին հաշվով այս ժողովուրդը քվեարկել է, չէ՞, 90-ականներին, եւ եթե իշխանությունները համը հանել են, այս ժողովրդին հուսահատ են արել, թեւաթափ են արել, դա չի նշանակում, որ ժողովուրդը վատն է։ Ժողովրդի մեջ միշտ ազատական էներգիա կա, օրգանիզմ է, իսկ օրգանիզմն ազատություն է ուզում… Մենք ըմբոստ մասսա ունենք, միջավայր տուր, տես ինչ հրաշքներ է գործում»,- վստահ է Արամ Մանուկյանը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































