Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՄԱ-ն՝ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

Մայիս 29,2026 17:47 Share

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ՝ նշանավորելով կարևոր հանգրվան Հայաստանի հանքարդյունաբերության համար և վերահաստատելով ոլորտի հանձնառությունը պատասխանատու հանքարդյունաբերության, կայուն զարգացման և միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան գործունեության նկատմամբ։

ICMM-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռոհիթեշ (Ռո) Դհավանը, ողջունելով ՀՀՄՄ-ի անդամակցությունը, նշել է․

«Մեծ պատիվ է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային ողջունել ICMM-ում՝ մեր ոլորտի և Հայաստանի զարգացման ճանապարհի համար կարևոր մի ժամանակահատվածում։

Հանքանյութերի և մետաղների նկատմամբ պահանջարկն աննախադեպ աճում է, և միաժամանակ մեծանում են ակնկալիքները, որ դրանք պետք է արտադրվեն պատասխանատու կերպով։ ՀՀՄԱ-ի անդամակցությունը ICMM-ին արտացոլում է չափանիշների բարձրացման և էներգետիկ փոխակերպման պահանջները բավարարելու ընդհանուր հանձնառությունը՝ առանց վնասելու համայնքներին կամ բնությանը»։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշել է․

«ՀՀՄԱ-ի առաքելության առանցքային ուղղություններից է Հայաստանում ժամանակակից, պատասխանատու և գլոբալ մրցունակ հանքարդյունաբերության ձևավորմանը նպաստելը։ ICMM-ի անդամ դառնալը կարևոր հանգրվան է այդ ճանապարհին։ Այն Հայաստանի հանքարդյունաբերությունը կապում է պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային առաջատար հարթակի հետ և ստեղծում է գիտելիքների փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և միջազգային լավագույն փորձի ներդրման արժեքավոր հնարավորություններ։

Մենք հպարտ ենք միանալու մի համայնքի, որը կիսում է ժամանակակից և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերության տեսլականը, և ակնկալում ենք թե՛  սովորել համաշխարհային լիդերների փորձից, թե՛ ներկայացնել Հայաստանի փորձը միջազգային մասնագիտական քննարկումներում»։

Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը (ICMM) աշխարհի առաջատար հանքարդյունաբերական կառույցներից է, որը միավորում է կազմակերպություններին՝ աշխարհի 26 ամենախոշոր հանքային ընկերություններին, ինչպես նաև ոլորտային միավորումներ՝ 39 ազգային ու պրոֆեսիոնալ ասոցիացիաներին, որոնք պատասխանատու են հանքարդյունաբերության զարգացման համար։ Կազմակերպության անդամները միասին ներկայացնում են համաշխարհային հանքարդյունաբերության զգալի մասը և հանձնառու են ոլորտի բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) արդյունավետության շարունակական բարելավմանը։

Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի մարմինների, Միջազգային ֆինանսական հաստատությունների և հեղինակավոր հարթակների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) չափանիշները ողջ աշխարհում:

Մեր ասոցիացիայի անդամակցությունը ICMM-ին կբացի զարգացման նոր հորիզոններ` լավագույն փորձի ներդրում, որը կապահովի հասանելիություն պատասխանատու հանքարդյունաբերության համաշխարհային առաջատար ստանդարտներին և մեթոդոլոգիաներին:

Այն նաև ենթադրում է գլոբալ ինտեգրում՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը համապատասխանեցվում է միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին: ՀՀՄԱ-ի անդամակցությունը այս խորհրդին կարող է դառնալ  հարթակ` միջազգային խոշորագույն դերակատարների հետ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի հաստատման համար:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031