Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք շատ լավ հասկանում են, որ հասարակությանը ծնկի բերելու համար նախ պետք է կրթական համակարգից և հանրային էլիտայից դուրս մղել քրիստոնեական Ուխտի գիտակցությունը․ Գենադի Մնացականյան

Մայիս 31,2026 14:45 Share

Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունների կողմից հետևողականորեն իրագործվող հակաեկեղեցական քաղաքականության գլխավոր շահառուները տարաբնույթ ապազգային ու կրոնական ուղղվածության պառակտիչ կազմակերպություններն են։ Մենք դրանց սովոր ենք աղանդավորականներ անվանել և այդպես էլ կա, որովհետև նրանց գործունեությունը իսկապես պառակտիչ ազդեցություն է ունենում հասարակության վրա։ Նրանք դեռևս նախորդ իշխանությունների օրերից ակտիվ գործունեություն էին ծավալում Հայաստանում, բայց շատ զգուշավոր էին գործում՝ առանց հրապարակային ագրեսիվ հայտարարությունների։

Սակայն մանավանդ անցած տարվա մայիսից, երբ հակաեկեղեցական արշավը նոր փուլ թևակոխեց, ակնհայտ դարձավ, որ դրա իրական և առաջնագծում կանգնած շահառուն հենց այդ կրոնական, սոցիալական և նույնիսկ կեղծ բժշկական աղանդավորական կազմակերպություններն են։ Տեղեկատվական աղմուկի տակ թաքցված այս տխուր իրականությունը, կարծում եմ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում առանձնակի ուշադրության պետք է արժանանա, քանի որ այս ապազգային ուժերը, համտեսելով ներկայիս անպատժելիության մեղսավոր պտուղները, համակարգված կերպով փորձում են գրավել հանրային կյանքի բոլոր ոլորտները։

Հայտնի է, որ աղանդավորական շարժումների հիմնական մարտավարությունը նույնն է՝ հարվածել հասարակության հոգևոր և ազգային հաստատություններին, սերմանել կասկած և կամայականորեն մեկնաբանել Սուրբ Գիրքը։ Այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը, որը նա գրել էր Տիմոթեոսին ուղղված երկրորդ թղթում։ Առաքյալը հստակ զգուշացնում է նշածս վտանգավոր երևույթների մասին․ «Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, վարդապետներ պիտի կուտակի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով․ և նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն ընկնեն առասպելների մեջ» (Բ Տիմ․ Դ  – 3։4)։

Ծանոթ իրավիճակ է։ Այսօր Հայաստանում տեղի ունեցողը հենց այս առաքելական նախազգուշացման կենդանի արտացոլումն է։ Մենք հաճախ ցավով ու զարմանքով ենք ականատես լինում, թե ինչպես բարձրագույն կրթությամբ մասնագետներ, մանկավարժներ և մտավորականներ, ովքեր կոչված են կրթելու և առաջնորդելու հանրությանը, մոլորվելով հայտնվում են հակաեկեղեցական արշավի առաջնագծում։ Թվում է, թե գիտակից, կրթված հայը պիտի ունենա բավարար վերլուծական միտք՝ տեսնելու համար սեփական Եկեղեցու դեմ տարվող հիբրիդային պատերազմի վտանգները։ Այս տխուր փաստը վկայում է նրա մասին, որ միջազգային աղանդավորական կազմակերպությունների ղեկավարները ժամանակի ընթացքում կատարելագործել են մարդկային ուղեղները լվանալու և հոգեբանական մանիպուլյացիաների ենթարկելու մեթոդները։

Նրանք շատ լավ հասկանում են, որ հասարակությանը ծնկի բերելու համար նախ պետք է կրթական համակարգից և հանրային էլիտայից դուրս մղել քրիստոնեական Ուխտի գիտակցությունը։ Չեմ կարող պնդել, որ նրանք այդ մեղսավոր գործում բոլորովին հաջողության չեն հասել, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ նրանց չի հաջողվի հային ծնկի բերել ու կտրել իր ինքնությունից։ Նրանք ջախջախիչ պարտություն են կրելու ամեն մի հայի քվեով, որը կօրինականացվի հունիսի յոթին ընտրատեղամասերում։ Քաղաքական պայքարը շատ ճղճիմ է համեմատվելու համար այն աննահանջ պայքարի հետ, որն այսօր մղում է արժանապատիվ հայ հանրությունը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031