«Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 283 արձանագրված ընտրախախտում, որոնցից թոփ ընտրախախտումներն ապօրինի քարոզչությունն է և վարչական ռեսուրսների շահագործումը, չարաշահումը, ատելության խոսքի և ճնշումների առկայությունը, որոնք փաստում են, որ ընտրարշավն այնպիսի ուղղվածությամբ չի գնում, ինչպես կցանկանայինք»,- «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ դիտորդական կազմակերպությունների արձանագրած՝ վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստերին, մասնավորապես Երևանի վարչական տարբեր շրջաններում թաղապետարանների եւ համատիրությունների աշխատակիցների կողմից ընտրողների տվյալների հավաքագրման և քարոզչության դեպքերի վերաբերյալ։ Նրանք շրջում են բնակարաններով և իրականացնում ընտրողների «գույքագրում», եւ զուգահեռաբար հարցնում քաղաքացիներին, թե որ քաղաքական ուժի օգտին են պատրաստվում քվեարկել առաջիկա ընտրություններում ։
«Մեր ահազանգերում ևս տեղ են գտել նմանատիպ խնդիրները որպես ընտրախախտումներ։ Դրան ավելացնեմ նաև դպրոցների, կրթական ամբողջ համակարգի, անգամ մշակութային տների աշխատակազմի չարաշահումը»,- ասաց «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավարը, ըստ որի՝ դա դրսեւորվում է տվյալ կուսակցությանը դիմավորելու, աջակցելու գործում։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ինքն «ատում է վարչական ռեսուրսը». «Ես ատում եմ վարչական ռեսուրսը և դա ճշմարտություն է, որովհետև այդ թվում այնտեղ, որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել և զգալ նրանց էմոցիաները»։ Սա հիշեցնելուց հետո հետաքրքրվեցինք՝ գուցե մասնավորապես կրթական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունն իրոք ուղղորդվա՞ծ չէ, սեփակա՞ն նախաձեռնությամբ է, եւ Սոնյա Համբարձումյանը պատասխանեց. «Մենք դա չենք կարող, իհարկե, փաստել՝ անձնակա՞ն, թե՞ հրահրված, թե՞ պարտադրված գործողություն է։ Այնուամենայնիվ, սա վարչական ռեսուրսի չարաշահում ենք դիտարկում, հատկապես, որ դրանում ներառվում է նաև անչափահասների շրջանակը։ 12-ից 17 տարեկաններին ներառում են ոչ թե ընտրական գործընթացի պայմանները սովորեցնելու, իրավագիտակցությունը բարձրացնելու համար, այլ ընդգրկում են ցուցադրման և մշակութային մասի բավարարման համար, ինչը մենք քննադատվող երևույթ ենք համարում»։
Կարդացեք նաև
Հաղորդման ընթացքում, ի շարս այլ խնդիրների, անդրադարձ եղավ այն հարցին, որ 2026 թվականի հունվարի փոփոխություններով դիտորդների հավատարմագրման համար ներդրվել են չեզոքության ապահովման լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունների ներկայացման պահանջը։
Հաղորդման մյուս հյուրը՝ «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը եւ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը միավորող «Ազատ քվե» դիտորդական առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանն այս առնչությամբ ասաց. «Իրականում օրենքի խստացմանը միանշանակ կողմ ենք, քանի որ նախկինում եղել են բավականին ոչ հաճելի միջադեպեր դիտորդական առաքելությունների հետ, և այդ թվում՝ նաև ֆինանսական միջոցների հանրայնացումը պարտադիր պահանջ պետք է լինի բոլոր դիտորդականների համար։
ԿԸՀ-ն վերջին ընտրություններին շատ ավելի թափանցիկ ու ավելի համագործակցային է աշխատում։ Իհարկե, երբեմն վարչարարական խնդիրներ են լինում։ Օրենքը սխալ մեկնաբանելով՝ մեր առաքելությունն ամենասկզբում չէր հավատարմագրվել, որովհետև մեր գործընկեր կառույցի կանոնադրության մեջ չկային ուղիղ մեջբերումներ»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 14-ի արտահերթ նիստում արձանագրել էր, որ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կանոնադրությունը չի բավարարում օրենքով սահմանված պահանջներին և հավատարմագրման դիմումը մերժել էր այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Հիշեցնենք, որ կազմակերպությունները կարող են ԿՀԸ ներկայացնել հավատարմագրում ստանալու հայտ՝ պայմանով, որ իրենց կանոնադրական նպատակներում ընտրությունների նշանակմանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում ներառած լինեն ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը. Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը նշել էր, որ սա հակասում է իրենց նախկինում ներկայացրած առաջարկությանը:
«Ազատ քվե» դիտորդական առաքելության ղեկավարը, որը «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ն է ներկայացնում՝ ասաց. «Մեր կանոնադրության մեջ կան թե՛ «մարդու իրավունքներ», թե՛ «ժողովրդավարություն» եզրույթները։ Մեր գործընկեր կազմակերպության կանոնադրության մեջ կան ժողովրդավարությանը վերաբերող հարցեր։ Այսինքն՝ ԿԸՀ-ն վարչարարական առումով սխալ մեկնաբանություն էր արել և ասել էր, թե հենց եզրույթ բառը պետք է դրված լինի։ Սակայն օրենքը չի ասում «եզրույթ», ասում է՝ ժողովրդավարության վերաբերյալ հարցեր ներառված լինեն կանոնադրական նպատակների մեջ։ Ու Վարչական դատարանի որոշմամբ՝ չեղյալ է համարվել ԿԸՀ նախկին որոշումը։ Այսինքն՝ դատարանը ևս համարել է, որ մեկնաբանությունը սխալ է տրվել»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































