Լրահոս
Օրվա լրահոսը

Գագարինում բացվել է Eleveight AI ընկերության՝ տարածաշրջանում առաջին ԱԲ գործարանը

Հունիս 01,2026 21:44 Share

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 1-ին Գագարինում մասնակցել է Eleveight AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի (ԱԲ գործարան) բացման պաշտոնական արարողությանը։

Միջոցառման շրջանակում մասնակիցները ծանոթացել են տարածաշրջանում առաջին և «NVIDIA Blackwell B300» տեխնոլոգիայի կիրառմամբ աշխարհում եզակի ԱԲ գործարանի հնարավորություններին, ինչպես նաև տվյալների կենտրոնում անցկացված շրջայցի միջոցով տեղում դիտարկել ենթակառուցվածքները։

Իր ելույթում նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Գագարինում բացվող տվյալների նոր կենտրոնը Հայաստանի ապագայի տնտեսության հիմնաքարերից է, իսկ պետության ռազմավարական նպատակն է երկիրը վերածել տարածաշրջանի «ԱԲ գործարանների պարտեզի»։

«Սա նշանակում է կերտել մի էկոհամակարգ, որտեղ գործում են բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքներ, ԱԲ մոդելներ, լաբորատորիաներ ու նորարարական ընկերություններ։ Մեր մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է, ինժեներական մշակույթը, համաշխարհային հայկական ցանցը, ինչպես նաև արագ և որակյալ որոշումներ կայացնելու կարողությունը»,- հայտարարել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ պետության դերը ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքների զարգացումը, մասնագետների պատրաստումը և հայկական ստարտափներին ժամանակակից հաշվարկային ռեսուրսների հասանելիության ապահովումը։

«Մեր նպատակը պարզապես տեխնոլոգիաների սպառող լինելը չէ, այլ դրանք ստեղծող, արտահանող և ապագան ձևավորող երկիր դառնալը։ Եթե 20-րդ դարի հաջողակ պետությունները կառուցում էին արդյունաբերական գոտիներ, ապա 21-րդ դարում մրցունակ կլինեն նրանք, ովքեր կհիմնեն ԱԲ գործարանների պարտեզներ։ Հայաստանի հավակնությունն է լինել այդ առաջատարների շարքում»,- եզրափակել է նախարարը։

Eleveight AI»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտարարել է, որ ավելի քան մեկ տարվա աշխատանքներից հետո ընկերությունը պատրաստ է գործարկել տարածաշրջանում առաջին՝ NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայի վրա հիմնված ԱԲ գործարանը։ Նա ընդգծել է, որ աշխարհում եզակի այս գերհամակարգչային ենթակառուցվածքը զարգացման նոր հնարավորություններ կբացի բիզնեսի, ստարտափների և գիտակրթական ոլորտի համար՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և ԲՏԱ նախարարությանը՝ ծրագրին աջակցելու համար։

Գագարինում կառուցված տվյալների կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկների, գեներատիվ մոդելների ուսուցման, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների թվային լուծումների համար։ «NVIDIA Reference Architecture» ստանդարտներին համապատասխանող կենտրոնը թույլ կտա միջազգային ընկերություններին իրենց ԱԲ նախագծերը գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման բարդությունների։

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է իրականացնել ևս 50 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում։ Տվյալների կենտրոնի կարևոր առանձնահատկություններից է կայուն և էկոլոգիապես պատասխանատու գործառնական մոդելը. այն աշխատում է «Zero Chemical Footprint» սկզբունքով՝ լայնորեն օգտագործելով բնական սառեցման լուծումներ, իսկ էներգետիկ անկախությունն ապահովվում է նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմամբ։ Հովացման համակարգը գործում է փակ ցիկլով և չի սպառում արտաքին ջրային կամ այլ բնական ռեսուրսներ։

Eleveight AI-ը նախատեսում է իր ընդհանուր հաշվարկային հզորությունների մինչև 20 տոկոսը հասանելի դարձնել հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին և ոչ առևտրային նախաձեռնություններին՝ նպաստելով տեղական մասնագիտական ներուժի զարգացմանը և գիտական նորարարությունների խթանմանը։

Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանը և կիրառական ծրագրերի աջակցությանը։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ընկերության համահիմնադիր ու գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

Հուշագրով նախատեսվում է համագործակցություն ԱԲ ոլորտում ստարտափների, հետազոտական թիմերի և նորարարական նախաձեռնությունների աջակցության, կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման, գիտական և ինժեներական կարողությունների ամրապնդման, բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների (HPC) ընդլայնման, պիլոտային և կիրառական ԱԲ նախագծերի խթանման, պետական կառավարման համակարգում ԱԲ լուծումների ինտեգրման, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համար ամպային ծառայությունների զարգացման ուղղություններով։

Կողմերը նախատեսում են նաև ձևավորել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)՝ որպես համագործակցային հարթակ, որը կնպաստի կրթական ծրագրերի, մասնագիտական համայնքների, հետազոտական թիմերի և նորարարական նախաձեռնությունների զարգացմանը։ Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ միջոցառումների, մասնագիտական քննարկումների և փորձնական ծրագրերի իրականացում՝ Հայաստանի արհեստական բանականության ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման նպատակով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ ԲՏԱՆ փոխնախարարներ Գևորգ Մանթաշյանը և Ռուբեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի և պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930