Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բարեկամությունը բարեկամություն է մնում»․ Գագիկ Ծառուկյանը՝ խնամիների՝ Հովիկ Աբրահամյանի և Խաչատուր Սուքիասյանի հետ հարաբերությունների մասին

Հունիս 04,2026 20:25 Share

«Սենց ընտրություն պատմության մեջ չի եղել՝ վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն, վախեցնեն, չի եղել։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է։ Այս վերջին մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել է, որ վիճակը բարդացել է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ վերլուծելով նախընտրական քարոզարշավը։

ԲՀԿ-ականները մայրաքաղաքի տարբեր հատվածներից քայլերով եկան Ազատության հրապարակ, որտեղ սպասվում է կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը։

Գագիկ Ծառուկյանն ասաց՝ շատ տպավորված է քաղաքացիների ջերմ ընդունելությունից, վստահությունից, հարգանքից։ Հանդիպումներից եկել է այն համոզման, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում․ «Մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջաններով, որ տեսնի՝ ժողովրդի ուզածն ի՞նչ է, ի՞նչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով, արձանագրել եմ հիմնական ժողովրդի խնդիրները և խոստացել եմ դրա լուծումները գտնել։ Այս 8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողնելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով, այսօր էլ ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ են բերել։ Այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում»։

Պատասխանելով հարցին, որ Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսված առաջին համարների բանավեճին չի մասնակցում, քանի որ խուսափում է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ հանդիպումից և նրան ուղիղ ասելուց այն ամենը, ինչ մտածում է, Գագիկ Ծառուկյանը զարմացավ․ «Չե՞մ ասում․ ամեն ինչ էլ ասում եմ։ Այսինքն՝ ինչի՞ց եմ խուսափում։ Հիմա էսքան մարդ ստեղ հավաքվել է, ինձ է սպասում՝ իրենց ղեկավարին։ Առանց ինձ կլինե՞ր»։

Նա համոզված է, որ իրենց քվեները չեն նվազի՝ լիդերների բանավեճին չմասնակցելով․ «Մեր քվեները երբեք չեն նվազի։ Ժողովուրդը սպասում է։ Գիտեն, որ Ծառուկյանն իր խոսքի տերն է, ինչ-որ ասել է՝ իրականություն է դարձնելու»։

Հարցին՝ ընտրություններից հետո կմնա՞ Հայաստանում, եթե իշխանության չգա, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Հայաստանն իմ երկիրն է, ոչ մի քայլ ետ չենք գնալու։ Իրենք թող մտածեն՝ որտեղ են տեղավորվելու, իրենք էլ տեղ չունեն, մնալու տեղ չունեն, ասելու բան չունեն, 8 տարի խաբել են, հողերն են հանձնել, ժողովրդին սարքել են տուգանքի մատերիալ, ուրիշ բան չունեն։ Բացառված է՝ ես իմ երկրից հեռանամ, հեռացողները թող հեռանան»։

Գագիկ Ծառուկյանը նաև ասաց՝ իր խնամիների՝ Հովիկ Աբրահամյանի հետ մեկ տարի է շփում չի ունեցել, իսկ Խաչատուր Սուքիասյանի հետ՝ վեց ամիս․ «Մեր բարեկամությունը բարեկամություն մնում է»։ Հիշեցնենք, երկուսն էլ Նիկոլ Փաշինյանին են սատարում՝ մեկը հրապարակայնորեն, մյուսն իր թիմակիցների միջոցով։

Ինչ վերաբերում է իր թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին, ով այժմ Աբովյանի քաղաքապետն է և սատարում է իշխող ուժին, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ինքը Նիկոլ Փաշինյանին է պաշտպանում, թող հանրությունն իմանա։ 30 տարվա իմ ընտանիքի անդամը, էդքան արած-դրածով․․․ հարկ չեմ համարել հետը խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930