«Մշտադիտարկում է իրականացվել իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից, արձանագրել ենք մի շարք դեպքեր, որոնց մի մասը ստուգման փուլում է։ Ձեր կողմից նշված հնարավոր ծեծի, խուլիգանության դեպքերը արձանագրվել են և հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմնին։ Ես այս պահին այդպիսի որակումներ չէի տա, որ դրանք քաղաքական են կամ քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում և ընտրության հետ կապված դեպքերը արձանագրվել են։ Մի մասը ուղարկվել է քննչական կոմիտե, ինչի մասին մենք երեքժամյա պարբերականությամբ հայտարարել ենք, և մի մասն էլ ստուգվում է, որոնք կամ կհերքվեն, կամ նույնպես կներկայացվեն քննչական մարմնին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Նա պնդեց՝ խորհրդարանական ընտրությունները անցել են ազատ, արդար և թափանցիկ։
«Չեմ կարող այս պահին նշել՝ քանի գործ է հարուցվել, բայց կարող եմ նշել, որ շուրջ 100 դեպք մեր կողմից ներկայացվել է քննչական կոմիտե։ Հնարավոր է, այլ աղբյուրներից ևս հաղորդումներ ստացած լինի Քննչական կոմիտեն, և արդեն հարուցված վարույթների թիվը կարող եք հստակ ճշգրտել Քննչական կոմիտեից»,- ասաց նա։
Լրագրողները ներկայացրեցին ընդդիմադիր ուժերի հայտարարությունները, որ երբ խախտումներ, հարձակումներ են լինում քաղաքացիների վրա իշխանության համակիրների կողմից, ոստիկանությունը չի արձագանքում նույն օպերատիվությամբ։ Հիշեցրեցին, օրինակ՝ Մասիսի ԵԿՄ-ի նախագահը հարձակվել էր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների վրա, ընտրության օրը՝ ՔՊ-ի վստահված անձը հարձակվել է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի վրա, և ոստիկանությունը համարժեք չի արձագանքել։ Արմեն Մկրտչյանը պատասխանեց․ «Նախ կարծում եմ, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել և ընտրական պրոցեսների, և հնարավոր իրավախախտումների մշտադիտարկման տեսանկյունից։ Կարող է՝ ես բոլոր դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել և ներկայացվել են Քննչական կոմիտե, և համապատասխանաբար քննություն է լինելու»։
Կարդացեք նաև
Նա չբացառեց, որ ընտրական ցուցակների հետ կապված թերություններ լինեն, բայց վստահեցրեց, որ դրանք էական չեն կարող լինել․ «Դրանք և պարզաբանվել են, և ընտրության օրը պարզաբանումներ տրվել են, օպերատիվ աշխատել է նաև միգրացիա և քաղաքացիության ծառայությունը։ Ընդ որում, եթե կան նաև էլի պարզվող և պարզաբանվող հարցեր, բավականին թափանցիկ պրոցեսում կարելի է դրանք տալ պատկան մարմիններին՝ պատասխաններ ստանալու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































