Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները մասնակցել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի կազմավորման 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
Խմբի ղեկավար Վ. Ա. Չերտիկովը Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարին է փոխանցել Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինի շնորհավորական ուղերձը, որում ընդգծվել է սահմանապահների նշանակալի ներդրումը հանրապետության պետական սահմանների անվտանգության ապահովման գործում։
Ռուս զինծառայողներին ուղղվել են անկեղծ շնորհակալության խոսքեր՝ անբասիր ծառայության և պարտքին հավատարմության համար, ինչպես նաև բարեմաղթանքներ՝ քաջառողջության, բարեկեցության և խաղաղ երկնքի վերաբերյալ։
Ռուս դիվանագետները Մեղրու սահմանապահ ջոկատի անձնակազմի հետ միասին ծաղիկներ են խոնարհել սահմանապահ հերոսների հուշարձանի մոտ։


















































