Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարժական հավաք» ասվածը սխալ է, խոսքն իրականում մարտական հերթապահության մասին է. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»

Հունիս 11,2026 10:26 Share

«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

– Իշխանությունները բանակը, զինված ուժերը դարձրել են իրենց քաղաքական նպատակների համար կիրառվող մահակ: Այս ընտրություններից առաջ Փաշինյանը բանակը, ՊՆ-ն ներքաշեց քաղաքական պրոցեսների մեջ: Նախ` արտերկրից, հատկապես ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին, ովքեր Հայաստան էին գալիս ընտրության մասնակցելու, սկսեցին սպառնալ վարժական հավաքների տանելով, երեկ էլ տեղեկացանք, որ հերթը լրագրողներին է հասել, վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել նաեւ այն լրագրողը, որը նկարահանել էր Վարդենիսում ժամը 20:00-ից հետո զինվորների քվեարկությունը: Այս ամենի ֆոնին քարոզարշավի ակտիվ մասնակիցներից մեկը պաշտպանության նախարարն էր, այն դեպքում, երբ օրենքը զինվորականներին արգելում է քաղաքականությամբ զբաղվել: Ի՞նչ նախադեպ է սա:

– Նախ պետք է կենտրոնանալ իրավական կոմպոնենտի վրա եւ ասել, որ երբ, այսպես կոչված, վարժական հավաքների մասին օրենքում փոփոխություններ արվեցին, դեռ այդ ժամանակ իրավաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգում էին եւ զգուշացնում, որ բազում խնդիրներ կան, իսկ ամենացցուն խնդիրն այն է, որ օրենքի այդ փոփոխությունները կարող են կիրառվել կամայականության սկզբունքով, հատկապես իշխանության քաղաքական հակառակորդներին պատժելու համար: 2024 թվականին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը շատ լավ վերլուծել էր այդ խնդիրը: Այն, ինչ այսօր կատարվում է, դեռ այն ժամանակ կանխատեսվել է: Ավելին` նման դեպքեր դեռ 2022 թվականին են եղել, երբ Դիմադրության շարժման ժամանակ որոշ ընդդիմադիր ակտիվիստների ուղարկեցին այդ հավաքներին: Ի դեպ, «վարժական հավաք» ասվածը սխալ է, խոսքն իրականում մարտական հերթապահության մասին է: Վարժական կոմպոնենտը շատ փոքր է, այն լինում է մի քանի օր: Բանակում նույն այս իշխանության վարած քաղաքականության հետեւանքով կենդանի ուժերը չեն հերիքում, եւ հենց այդ պատճառով կենդանի ուժի պակասը լրացնում են քաղաքացիներին իրենց բնականոն կյանքից, աշխատանքից կտրելով: Դա ոչ թե վարժական հավաք է, այլ՝ պարտադիր զինծառայություն: Իսկ որ ամենավատն է` ընտրությունը կատարվում է կամայականության սկզբունքով: Մեկին կանչում են երեք անգամ, մյուսին` ոչ մի անգամ: Օրենքով դա կարգավորված չէ: Պարզ է, որ առանց այն էլ բռնապետական մեծ հակումներ ունեցող ռեժիմը բանակը պետք է դարձներ բռնաճնշումների գործիք: Այլ տարբեր մեթոդներ էլ են հորինել, որոնք մենք տեսանք այս ընտրություններից առաջ, օրինակ, բարեգործության արգելքը, որը վերաբերում է բացառապես ընդդիմադիր ուժերին, ոչ մի մերձիշխանական կամ իշխանական գործիչ իր բարեգործություններն այդպես էլ չդադարեցրեց:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930