Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրով մաեստրոն

Հունիս 12,2026 13:00 Share

Ռոբերտ Մլքեյանն իր արվեստում վառ ու տարբերվող անհատականություն է`օժտված մարդկային ազնվագույն հատկանիշներով:

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ունակություն է տվել երաժիշտ լինելու ու շփվելու հոգևորի հետ»,-սրանք ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հոբելյանի խոսքերն են, որոնց լավագույն արտահայտությունը մաեստրոյի անձնվեր գործունեությունն է: Հայաստանի սրտում` մայրաքաղաք Երևանում է ծնվել Մաեստրոն, ում 65-ամյակն է ահա: Ծնողների բարեկիրթ դաստիարակության արդյունքում նա ընդունվում է երաժշտական դպրոց և սովորում ջութակ նվագել: Սակայն հոր բաղձալի ցանկությունն էր որդուն տեսնել սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ:

Մաեստրոն վստահ է, որ իր կյանքում ամեն բան ի վերուստ է որոշվել: Նախախնամություն: Ճակատագիր: Հայրն այլևս հովանավորն էր երկնքից: Ռոբերտ Մլքեյանն ընդունվում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, ուսանում օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն ու երգչախմբային դիրիժորություն: Բարեբախտություն է… Ակադեմիական փայլուն կրթություն ստանալուց հետո նա վերադառնում է հայրենիք և ուսումը շարունակում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում` Էմին Խաչատրյանի մոտ: Մլքեյանն իրեն հատուկ բարի ու մեղմ ժպիտով է հիշում դասախոսին ու այդ երանելի տարիները, Էմին Խաչատրյանի ներկայությունն իր կյանքում համարելով նվեր Բարձրյալից:

Տաղանդաշատ Մաեստրոն 1992 թվականին հրավիրվում է Գյումրի` ղեկավարելու տեղի սիմֆոնիկ նվագախումբն ու կամերային երգչախումբը: Հայրաքաղաքը գրկաբաց ընդունեց Ռոբերտ Մլքեյանին, որն իր հերթին ներդրեց ողջ ներուժը: Նվիրվեց: Պետերբուրգյան ակադեմիական կրթության դասականի ու հոգևորի, բարձր արժանիքների ուղենիշով, իր բարոյական կերպարով նա ստեղծեց նոր որակ և նորովի զարկ տվեց Գյումրու երաժշտական մշակութային կյանքին: Իրեն հատուկ մեծ պատասխանատվության, ուժեղ կամքի, անմնացորդ աշխատասիրության շնորհիվ Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ, որը գործում է առ այսօր: Մաեստրոն այն ղեկավարել է մինչև 2000 թվականը: Այժմ վսեմությամբ ու աղոթքներով` Երևանից հետևում, աջակցում, ուրախանում է նվագախմբի յուրաքանչյուր հաջողությամբ: Այդ տարիներին, իսկ ավելի ճշգրիտ` 1995 թվականին, Ռոբերտ Մլքեյանը հիմնել է «Հայ Ֆոլկ» վոկալ անսամբլը, որն առանձնակի հաջողություն է գրանցել: Հյուրախաղերով ու համերգային գործունեությամբ հիացրել է թե Հայաստանի և թե արտերկրի հանդիսատեսին:

Մաեստրո Մլքեյանի ստեղծագործական կյանքի կարևոր բարձրակետերից է 2000 թվականին Հայաստանի կամերային երգչախմբի ստեղծումն ու հիմնումը: Սա ոչ միայն իր, այլ նաև հայ ազգի ձեռքբերումն է: Ներկայանալի, մեծարժեք մշակութային գործող օրգանիզմ է` իր ողջ հմայքով ու գեղագիտական բարձրաճաշակ արվեստով: 2008 թվականին Հայաստանի կամերային երգչախումբը ստանում է պետական կարգավիճակ:

Անարատ հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի, հայտնի բարեգործ Քույր Արուսյակի խնդրանքով ու հոգածությամբ Ռոբերտ Մլքեյանը վերաստեղծում է «Տիրամայր Հայաստան» երգչախումբը: Մաեստրոն սրտի հուզմունքով է խոսում ու պատմում այս երգչախմբի մասին: Նա իր երեխաներն է համարում երգչախմբի աղջիկներին: Ամենամեծ հաջողությունը 2015 թվականին Հռոմում կայացած ելույթն էր պատարագի ընթացքում, որտեղ պատարագիչն էր  Հռոմի պապը: 2016 թվականին, երբ Հռոմի պապը եկել էր Գյումրի, պատարագ մատուցելիս խնդրել էր, որ ինչպես Հռոմում` Գյումրիում ևս «Տիրամայր Հայաստան» երգչախումբը երգի պատարագը: Անմոռանալի ու հրաշալի են անցել այս խմբի հյուրախաղերը եվրոպական երկրներում:

Ռոբերտ Մլքեյանն իր արվեստում վառ ու տարբերվող անհատականություն է` օժտված մարդկային ազնվագույն հատկանիշներով: Նրա հոգու ջերմությունն ու սրտի բարությունն ակնհայտ դրոշմված են իր իսկ գործերում: Եվ որտեղ հայտնվում է բարձր մտավորականը, այնտեղ ծաղկում է, արթնանում երաժշտության կախարդանքը: Մեծ վարպետությամբ, բարձրագույն չափանիշով ու կատարյալի սահմաններում է արարում Մաեստրոն: Ունենալով հոգու առատաբեր հարստություն, երաժշտա-խոհափիլիսոփայական յուրահատուկ մտածողություն, նա ֆանտաստիկ կերպով ներկայացնում ու յուրաքանչյուրի սրտին հասանելի է դարձնում երաժշտության բարձրարվեստ նմուշները, բացահայտելով` անբացատրելի լաբիրինթը:

Ռ. Մլքեյանի կատարողական արվեստի բարձրագույն ցենզի մեկնաբանությամբ, իմաստուն ղեկավարի աստվածատուր ձիրքի շնորհիվ` երաժշտությունը հնչում է իբրև աղոթք` հասնելով ու անցնելով վերերկրայինը: Որտեղ ակամայից թե հայ և թե օտար հանդիսականը մեր օրերից տեղափոխվում է մինչև նախաքրիստոնեական դարաշրջան: Շրջագայելով ու ծանոթանալով հոգևոր ու աշխարհիկ իրադարձություններին, հատվում անցյալի ու ներկայի վերացական խաչմերուկում: Եվ հասկանում, որ Հայաստան աշխարհն է սկզբնաղբյուրը հոգևորի: Մենք ունենք հսկայական մշակութային ժառանգություն` սաղմոսներ, շարականներ, տաղեր, գանձեր: Ունենք Մեսրոպ Մաշտոց, Ներսես Շնորհալի, Նարեկացի, ունենք Կոմիտաս Վարդապետ:

Մաեստրոն ոչ միայն փայլուն մասնագետ ու ստեղծագործող է, այլև հայրենիքի համար մտածող մտավորական, մշակութային ժառանգության պահպանող, տարածող ու փոխանցող, հրաշալիի ջատագով, բարձրարժեք հայ։ Նա հմուտ վարպետությամբ, կատարյալ ողջամտությամբ իր կերտած արվեստը հասցնում է համամարդկային հնչեղության: Անուրանալի է նրա նվիրումն ու ներդրումը երաժշտական մշակութային կյանքում: Ռոբերտ Մլքեյանը Հանովերում կայացած EXPO 2000 համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան օրերի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավարն է եղել: Հատկանշական է Հայաստանի պետական կամերային երգչախմբի բուռն գործունեությունը՝ իր երեսուն մշակութային զինվորներով, մասնավորապես մասնաճյուղի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանի անձնուրաց, նվիրական հաղթարշավով երթն արդեն իսկ դուրս է եկել միջազգային ասպարեզ: Երգչախմբի առաքելությունն է նոր շունչ հաղորդելով` հանրահռչակել խմբերգային արվեստի բարձրագույն նմուշները որպես ազգային ինքնություն ու համամարդկային արժեք` կապելով մշակութային կամուրջ դեպի աշխարհ:

Համերգներով հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում, հեղինակավոր դահլիճներում` Բերգամոյի Դոնիցետիի օպերային թատրոնում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում», Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում, նաև պատմական նշանակության տաճարներում: Աշխարհահռչակ ECM records ձայնագրման ստուդիայի կողմից ՀՊԿԵ-ը ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի Ars Poetica երգչախմբային կոնցերտը, որը թողարկվել է իբրև ձայներիզ և արժանացել համաշխարհային երաժշտական հանրության բարձր գնահատանքին` ստանալով հինգ աստղ: Ընդգրկվել է նաև THE GRAMAPHONE հեղինակավոր անգլիական կատալոգում: Կոմիտասի խմբերգերի հոգևոր ու աշխարհիկ ստվար ընտրանին` նվիրված Վարդապետի ծննդյան 140-ամյակին, ձայնագրված Սաղմոսավանքում` ճանաչվել է լավագույնը: Այս ամենը կրել է ոչ միայն գեղարվեստական, այլև բարձրարժեքային նշանակության միտում. ուրույն տեղ ամրագրելով հայկական երաժշտամշակույթին համաշխարհային մշակութային տիրույթում:

Արվեստագետի ճշգրիտ ստեղծագործական գործունեության շնորհիվ այսօր ունենք երաժշտական մտածողությամբ ու կիրթ հանդիսատես:

Նա ԱՐՏԻՍՏ է ի վերուստ: Խարիզմատիկ Մաեստրոն աներկբայորեն վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը: Դա են վկայում յուրաքանչյուր համերգի ընթացքում և ավարտին չդադարող ծափերը, մարդկանց ջերմագին ընդունելությունը, բռավոները և հադիսատեսի հոսքը դեպի ետնաբեմ` մեկ լուսանկարի, ողջագուրման, շնորհակալության համար:

«Խնդրում եմ Արարչին, որ երբևէ խոչընդոտներ չստեղծվեն մարդկանց համար, որովհետև մարդկությունը առանց այդ էլ տանջված է: …Երևի մի օր էլ մենք որպես ազգ կվերականգնվենք». Ռ. Մ.

Մարիաննա ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930