«Մեր այս մշտադիտարկումը որոշ չափով տարբերվում է մեր նախորդ տարիների մշտադիտարկումներից: 1996-ից սկսած՝ Երևանի մամուլի ակումբը բաց չի թողել որևէ համապետական ընտրություն: Շատ հետաքրքիր էր, թե ինչպիսի զարգացումներ կան մեր ԶԼՄ-ներում՝ կապված ընտրությունների հետ… Եվ տարբերությունն այս մշտադիտարկման, նախորդների հետ համեմատած, այն է, որ միայն ավարտից հետո ենք անում մամուլի ասուլիս»,- 2026 թ․ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Նոր իրողությունները, որոնք մտնում են մեր կյանք և ազդում են նաև ընտրությունների վրա, ինչ-որ տեղ ժամանակավրեպ են դարձնում շատ կարգավորումներ և սկզբունքներ: Մասնավորապես, մենք չենք ունեցել այնպիսի լայն օգտագործում տեխնոլոգիական հնարավորությունների, ինչպես այսօր, իսկ մենք սովորաբար ուսումնասիրում ենք ավանդական լրատվամիջոցների գործունեությունը, այլ ոչ թե սոցցանցերի և այլ կարևոր աղբյուրների»,- հավելեց ԵՄԱ պատվավոր նախագահը: Նա փաստեց նաև, որ նախորդ ընտրությունների ժամանակ չի օգտագործվել արհեստական բանականություն, նաև հազվադեպ մշտադիտարկումներից էր, երբ չեն հաշվել եթերային ժամանակը:
«Եթե խոսքը գնում է լուրջ ուսումնասիրության մասին, ապա պետք է ակնկալենք, որպեսզի հավասարակշռություն լինի ամեն՝ առանձին վերցրած հաղորդման ընթացքում, որովհետև տարբեր հաղորդումներ տարբեր ազդեցություն են ունենում, և եթե այդ հաղորդաշարի ընթացքում հավասարակշռությունը չի պահպանվում, ապա մյուս հաղորդման մեջ հակառակ ուղղությամբ հավասարակշռության խախտումը չի փոխհատուցում այս մեկը»,- ասաց Նավասարդյանը։
Նա ասաց, որ 2 խնդիր են արձանագրել. «Օրինակ, Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը… Մենք բոլորս հասկանում ենք, որ բացի բանավեճերից, որոնք 3-ն էին բոլոր մասնակիցների համար, մյուս ամենաազդեցիկ հաղորդումը հարցազրույցն է՝ Պետրոս Ղազարյանի հետ: Այդ հարցազրույցների շարքում կային հարցազրույցներ թեկնածուների հետ, որոնցից մեկում հարցազրույցի տևողությունը կես ժամից պակաս էր, մյուսում՝ 1,5 ժամ: Այսինքն՝ 3 անգամ ավելի եթերաժամանակ է տրամադրվել մեկ քաղաքական ուժի՝ համեմատած մեկ այլ ուժի հետ: Ընտրողի վրա այդ երկու հաղորդումները տարբեր ազդեցություն են ունեցել, ինչը խախտում է հավասարակշռությունը:
Կարդացեք նաև
Մյուս օրինակը շատ յուրահատուկ է, խոսքը գնում է «Շանթի» մասին: «Շանթում» վերջին ամիսներին եթեր է դուրս գալիս բավականին հետաքրքիր և մեծ լսարան ունեցող հաղորդում, որի վերնագիրն է՝ «Երեկոն Շանթում»:
Մեր դիտարկմամբ՝ նախընտրական քարոզչության ընթացքում եղել է 4 հաղորդում, որոնցից 2-ում եղել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և ևս 2-ում՝ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Մնացած քաղաքական ուժերը այդ հաղորդումների ընթացքում չեն հրավիրվել: Համոզված եմ, որ երբ ՀՌՀ-ն հաշվի եթերային ժամանակը, ընդհանրապես չի համարելու, որ դա որևէ կերպ կապված է նախընտրական քարոզչության հետ, քանի որ նվիրված չէր քաղաքական ծրագրերին, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած անձ, որը մասնակցում է ընտրություններին, իր երևալը եթերում, այն էլ այդպիսի մեծ լսարան ունեցող հաղորդման ժամանակ, կարող է ազդեցություն թողնել ընտրողի վրա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































