Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնաճի ռիսկեր կան»․ Վահե Հովհաննիսյան

Հունիս 15,2026 13:20 Share

2026-ի գնաճը գլոբալ բնույթ ունի՝ էներգակիրների գների աճով և տրանսպորտային ուղիների վատթարացմամբ պայմանավորված։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Համեմատության կարգով նշեց՝ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում գնաճը առաջին եռամսյակում 3 տոկոս է կազմել, երբ թիրախը 2 տոկոս էր, հարևան Վրաստանում՝ 5,3 տոկոս, երբ թիրախը 3 տոկոսն է։ Հայաստանում 2026-ի առաջին եռամսյակում 4,2 տոկոս է կազմել 12-ամսյա գնաճը։ Հնարավոր է նաև գլոբալ պահանջարկի թուլացում և արտաքին նվազման սցենարներ, ուստի Հայաստանում չեն շտապում հետևություններ անել։

Հովհաննես Խաչատրյանը հայտարարեց՝ ՌԴ-ում տնտեսական աճը թույլ է, և դա պայմանավորված չէ վերջերս ՀՀ-ՌԴ առևտրի նվազմամբ։ ՌԴ տնտեսության թուլացումը մեզ համար ինքնին Հայաստանի համար թույլ արտաքին պահանջարկ է։ ԵՄ տնտեսությունն էլ է թույլ, նաև գնաճն է ավելանում․ թե դա ի՞նչ ազդեցություն կունենա մեզ վրա, դեռ շատ հստակ չէ, մանավանդ, որ նավթի գները կոնկրետ ռազմաքաղաքական ազդեցություն են կրում։ Այս պահին դրանք նվազել են՝ մեկ բարելի դիմաց 85 դոլար։ Հովհաննես Խաչատրյանն ասաց՝ սպասում ենք միջազգային շուկայի ազդակներին։ Բայց վերջին տարիներին ունեցել ենք տնտեսական աճ և գնաճի զսպման հաջող փորձ, վստահ են, որ 3 տոկոսի սահմանում կպահեն գնաճը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Պետական պարտատոմսերի մեծ պահանջարկ ունենք․ առաջին եռամսյակում պետական պարտատոմսերի պահանջարկը գերազանցել է տեղաբաշխման ցուցանիշը 3,1 անգամ։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7,1 տոկոս։ Դա 1,6 տոկոսով նվազ է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը և ռիսկի հավելավճարը նվազել են մեկ տոկոսային կետով»,- իր ելույթում հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարտին մերձավորարևելյան կոնֆլիկտով պայմանավորված ռիսկի հավելավճարներն ավելացել են, բայց հույս ունի, որ այսօր և երեկ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունների ստորագրումը հարցը կմեղմի։

2026-ի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի ներկայացումից առաջ Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում և Չինաստանում արձանագրվել է աճի կայուն տեմպ, եվրագոտում՝ աճի տեմպի դանդաղում, իսկ ՌԴ-ում՝ աճի անկում։ Գնաճի արագացում ունենք և դրամավարկային զսպող դիրքի պահպանում, բայց ամենավատ ցուցանիշը կրկին ՌԴ-ինն է։ Անցած շաբաթ եվրոպական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ կան գնաճի ռիսկեր։

Առհասարակ, միջազգային շուկայում նավթի և պղնձի գներն աճել են, պարենի միջազգային գինը նվազել է 0,1 տոկոսով։ Աճել է նաև արտահանման դինամիկան, 36,9 տոկոսով հայկական ապրանքների արտահանումն է աճել։ Ներմուծումը նույնպես աճել է՝ 4,6 տոկոսով։ Զբոսաշրջիկների թիվը 17,2 տոկոսով է աճել, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը հունվար-մարտին 24,8 տոկոսով է ավելացել, իսկ հունվար-ապրիլին՝ 33,5 տոկոսով, այլ երկրներից՝ հունվար-մարտին 5,6 տոկոսով, հունվար-ապրիլին՝ 16,5 տոկոսով։

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումներն են աճել՝ 17,9 տոկոսով, ՌԴ-ից՝ 21,5 տոկոսով, հունվար-մարտին, այլ երկրներից՝ 14,4 տոկոսով։ Ֆիզիկական անձանցից զուտ դրամական փոխանցումներն են աճել 3,2 անգամ։ Հունվար-մարտին Հայաստանի միջազգային պահուստները հասել են 5,5 միլիարդ դոլարի, մայիսին ցուցանիշն արդեն 5,8 միլիարդ դոլար է։

Տնտեսական ակտիվությունը 6,1 տոկոս է կազմել՝ ծառայությունների հաշվին, գնաճը՝ միջինում 4,2 տոկոս։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն թողել է անփոփոխ։ 21,2 տոկոսով վարկերն են ավելացել, 19,8 տոկոսով՝ ավանդները։ Վարկերը տնտեսության պոտենցիալի մեծացմանն են ուղղվում։ 13,6 տոկոսով հարկային եկամուտներն ու պարտքերն են ավել եղել։ Կապիտալ ծախսերի կատարողականն է ցածր՝ ՊՆ-ի և ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների հետաձգմամբ։

Կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ 5 տրիլիոն 511 միլիարդ դրամ է, որը դեկտեմբերի 31-ի համեմատ 11 միլիարդ դրամով է ավելացել։ Կառուցվածքը չի փոխվել։ Պարտքի 50 տոկոսից մի քիչ քիչ է կազմում արտարժութային պարտքը, և դոլարի նվազումը բերում է խնայման։ Դրամային պարտքի կշիռն է մեծացել, ինչը զսպում է դրամի արժևորման պարագայում խնդիրների առաջացումը։ Դրամային պարտքի կշիռը 53 տոկոս է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930