Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադարձ հայհոյանքները հանած՝ այս քարոզարշավում հաստատ չկա բովանդակային բանավեճ. Մասիս Շիրոյան

Մայիս 24,2026 20:00 Share

«Մարտական Եղբայրություն» միաբանությունը ապրիլի 28-ին հայտարարելով դիրքորոշումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ՝ նշել էր, որ ստեղծում են «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը, որի գրանցման գործընթացը պետական ռեգիստրում ձգձգվում է. «Այն ընթացքի մեջ է, սակայն արդեն պարզ է, որ ստեղծված իրավիճակի պատճառով մենք չենք մասնակցելու առաջիկա ընտրություններին»։ Նաեւ նշել էին, թե չեն սատարելու ընտրություններին մասնակցող որևէ ուժի. «Այսօր, առավել քան երբևէ, պայքարի ու հաղթանակի բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում չտրվել կեղծ ընտրությունների, չլուծվել անբովանդակ քաղաքական դաշտում»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչու են այս ընտրությունները «կեղծ» համարում՝ «Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ, Ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ Մասիս Շիրոյանն ասաց. «Այս պահին գործող ընդդիմադիր դաշտը՝ խոշորների մասին է խոսքը հիմնականում, լծված են «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած օրակարգի հետ կապված որոշակի տեխնիկական հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելուն, այսինքն՝ խաղաղություն է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիրը», իրենք խաղաղության տարբեր տեսակներ են առաջարկում»։ Այլ փաստարկներ շարադրելուց հետո՝ ընդգծեց. «Այս ընտրությունները համարում ենք ուղղակի անբովանդակ գործընթաց, որովհետև առաջարկ չկա, բոլոր ուժերը նույն բանն են առաջարկում։ Հիմնական հարցը, որ կարելի է լուծել, սահմանադրական հանրաքվեի ժամանակ է, որովհետև սահմանադրական հանրաքվեն  այն կետն է լինելու, որտեղ երկու ուղղություն է լինելու՝ այո կամ ոչ։ Բոյկոտի տարբերակը մենք համարելու ենք աջակցություն «այո»-ին»։

Ընթացող քարոզարշավին նրա գնահատականն է. «Իրար քֆուրները եթե հանենք, ասենք՝ մի հատ հանգստացեք, տղերք, ի՞նչ եք առաջարկում, ասեք՝ ինչի՞ համար գա հայ մարդը, մասնակցի ընտրությանը ու ընտրի ձեզ… բովանդակային բանավեճ հաստատ չկա»։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը՝ 40%-ը նշել է, որ ոչ մի քաղաքական գործչի չի վստահում։ Հաղորդման ընթացքում բանավեճ ծավալվեց այն հարցադրման շուրջ, որ եթե մարդը չի մասնակցում ընտրությանը, քանի որ դեմ է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, ապա այս պարագայում նա, կամա թե ակամա, կողմ է ոչինչ չփոխելուն։

Մասիս Շիրոյանն ասաց. «Իմ սրտի քաղաքական ուժը, կամ իմ նման՝ 50% հայ բնակչության սրտի ուժը չկա, որ գնա ընտրություն կատարի… Մի հատ հայտնի անեկդոտ կա, երբ որ ծնողները գնում են հարսանիք, երեխային թողնում են պապիկի հետ։ Գալիս՝ տեսնում են՝ պապիկը սիգարետը տվել է երեխային, ծխում է։ Ասում է՝ ի՞նչ ես անում։ Ասում է՝ բա ի՞նչ անեմ, պահում եմ, մկրատ մտցնի՞ աչքը։ Այսինքն, մեզ հիմա նման ընտրություն է առաջարկվում՝ կամ պիտի մկրատ մտցնեք աչքներս, կամ երեխային սիգարետ տանք»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ 22.00-ին։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031