Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում փաստաբան Հովհաննես Խուդոյանը արձագանք էր ակնկալում նախագահող դատավորից և հանրային մեղադրողներից, թե կողմնակի մարդու՝ Սարգիս Հարությունյանի տանը հայտնաբերված զենքի փորձաքննության հետազոտությունն ինչ կապ ունի գործի հետ և ինչ է տալիս իրենց։ Նա միջնորդություն ներկայացրեց այս փուլում ապացույցն անվերաբերելի ճանաչելու մասին։ Դատավոր Ֆարխոյանն ասաց, որ ապացույցն այս փուլում չի կարող անվերաբերելի ճանաչվել, հետաձգվում է։
«Նաև հարց բարձրացրի՝ ի վերջո մեզ հասկանալի չէ այն, որ գուցե հանրային մեղադրողներն ունեն ինչ-որ գիտելիք գործի վերաբերյալ, որը պաշտպանության կողմին մինչև վերջին օրը պետք է հասկանալի չլինի, ինչը ընդունելի չէ… Հանրային մեղադրողը, ով վստահ է իր բերած գործի վրա, միշտ կարող է պատասխանը տալ՝ այս ապացույցով հիմնավորվում է այսինչ հանգամանքը։ Հիմա տանը հայտնաբերված զենքը ինչ եղանակով է գալիս, կպնում 18 անձանց մեղադրանքին, այդ շղթան մեզ համար պարզաբանված չէ։
Գործի նախնական դատալսումների ընթացքում դատախազները պարզապես հրապարակեցին ապացույցների ցանկը և ասացին, որ սա վերաբերում է բոլոր մեղադրյալներին։ Հիմա ապացույցների հետազոտման փուլ ենք մտնում, ասում ենք՝ լավ, այն ժամանակ հստակ դատարանի համաձայնությամբ կարգավորումները լղոզեցինք, անցանք, հիմա ապացույցների հետազոտման փուլում ինչպես ենք գնահատելու՝ այդ հետազոտված ապացույցից ինչ հասկացանք կամ նախագահող դատավորը ինչ հասկացավ։ Ենթադրվում է, որ ապացույցի հետազոտումն ավարտելուց հետո կողմերն իրենց համար, հանրային մեղադրողներն իրենց համար, պաշտպանական կողմն իր համար, նախագահող դատավորն իր համար անում են եզրահանգումներ… Պաշտպանական կողմն էլ իրավունք ունի դատարանից պահանջելու, որպեսզի ապահովեք բազմակողմանի քննությունը և ապացույցների պատշաճ հետազոտությունը։
Պաշտպանության կողմն իրավունք ունի դատարանից ակնկալել, որ դատավարությունն ընթանա մրցակցության սկզբունքի պահպանմամբ։ Երբ հանրային մեղադրողն ընթերցում է ապացույց, և պաշտպանության կողմին հասկանալի չէ, թե ապացույցն ինչ կապ ունի, շատ տրամաբանական հարց է առաջանում՝ կարող եք պարզաբանել, հարգելի նախագահող, դուք կամ հանրային մեղադրողները, այս ապացույցը ինչն ուսումնասիրեցինք, ինչ է մեզ տալու գործով՝ կողմնակի մարդու տանը հայտնաբերված զենքի փորձաքննության հետազոտությունը։
Կարդացեք նաև
Գալու է համապատասխան փուլ, ներկայացնելու ենք ապացույցներ, օրենքն ասելու է՝ երբ ներկայացնում եք ապացույցներ, բերեք, հիմնավորեք, ինչ հանգամանքներ կան։ Կարող եմ նույն տրամաբանությամբ բերել սովետական կանաչ հանրագիտարանը, ասել՝ եկեք հետազոտենք, հետո կասեմ, ինչ նշանակություն ուներ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































