Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի». Փաշինյանը ներկա է գտնվել Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը

Հունիս 19,2026 16:31 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝  վերակառուցվել է դպրոցի  երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։


Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը  հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ: Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։ Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։ Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։ Վարչապետը դպրոցաշինության ծրագրերում ընդգծել է ամեն անգամ մի նոր բաղադրիչի ավելացումը. «Դա շատ կարևոր է, որպեսզի դպրոցաշինությունը  Հայաստանի Հանրապետությունում զարգացնենք, որովհետև շինարարությունը՝ շինարարություն, բայց ինքն էլ շերտեր ունի և դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունն առանձնահատուկ ուղղություններ են»։

Այդ համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայության կարևորությունը և նշել, որ այդ հարցում կհամագործակցեն քաղաքապետարանի գործընկերների հետ։ Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ որակի փոփոխությունը շատ էական է և կարևոր, ինչը սկզբունքային հարց է։

Վարչապետը նշել է, որ  երկու տարի առաջ սկսել են անդրադառնալ այդ հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը. «Պետության քաղաքական ռազմավարությունները երբեմն ոչ միայն  չեն արտահայտվում արվեստի, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության և իրավունքի իրականության հետ։ Սա նույնպես պրոբլեմ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Այստեղ էլ է պետք  հասկանալ, որ մեզ պետք է ժամանակ, համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ, այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար»։

Շնորհակալություն հայտնելով դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է  կրթությունը բարելավելու  կարևորությունն ու անհրաժեշտությունը։ «Առիթ ունեցել եմ ասելու՝ չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝  յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի։ Մենք պետք է սա դարձնենք կենսակերպ, ապրելակերպ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, որովհետև դա է պետության զարգացման գրավականը»,- ասել է երկրի ղեկավարը։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն թողարկող և հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող բոլոր մարդկանցից։ «Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել դպրոցաշինության ծրագրի բոլոր մասնակիցներին։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930