Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը կարող է քաղաքացիությունից զրկել իր դեմ քվեարկած հայերին». Հարութ Սասունյան

Հունիս 23,2026 23:03 Share

​Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեցօր ավելի անհանդուրժող է դառնում իր ընդդիմախոսների նկատմամբ։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Փաշինյանն ապօրինի հրաման տվեց ձերբակալել ընդդիմության հարյուրավոր անդամների և պատգամավորության մի քանի թեկնածուների, չթողեց ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին լքել երկիրը, ինչպես նաև սպառնաց բանտարկել նրանց ու արգելել նրանց կուսակցությունների գործունեությունը։

Հաջորդ քայլով Փաշինյանը կարող է ընդհանրապես թույլ չտալ քվեարկել իր դեմ արտահայտվող հայերին և նույնիսկ զրկել նրանց քաղաքացիությունից։ Մի՞թե որևէ մեկը դեռ հավատում է, որ երկրում իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով։

Վերջին խնդիրն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Փաշինյանն իմացավ, որ Ռուսաստանում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիներ պատրաստվում են մեկնել Հայաստան՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Սկզբում նա կեղծորեն հայտարարում էր, որ չի անհանգստանում, քանի որ վստահ է՝ նրանք քվեարկելու են իր կուսակցության օգտին։ Սակայն, չհավատալով սեփական խոսքերին, նա հայտարարեց, որ Հայաստան մուտք գործելիս նրանք կանգնեցվելու են և ենթարկելու 25-օրյա զինվորական վարժանքների։ Այս քայլով նա այդ հայերին ոչ միայն զրկում է քվեարկելու հնարավորությունից, այլև արժեզրկում է զինվորական ծառայության հայրենասիրական գաղափարը՝ այն ներկայացնելով որպես պատժի միջոց։

Երբ հայրենակիցներս հարցնում են, թե ինչու սփյուռքահայերին, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի ընտրություններին, ես պատասխանում եմ, որ նրանք պետք է շատ ավելի մտահոգված լինեն այն փաստով, որ ավելի քան մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, որոնք երկրի անկախացումից ի վեր ապրում են արտերկրում, զրկված են հայրենիքում քվեարկելու հնարավորությունից, եթե ընտրության օրը ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում: Ոչ ոք իրավունք չունի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրենց հիմնարար իրավունքից: Ահա թե ինչու ավելի քան 150 երկիր թույլ է տալիս արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը։

Խնդիրն ավելի լրջացավ, երբ Փաշինյանի կառավարությունը որոշեց բնակության պահանջ սահմանել ՀՀ քաղաքացիների համար, որոնք գալիս են Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին։ Որպեսզի ընդդիմադիրներն այլևս չկարողանան վերջին րոպեին ժամանել Հայաստան և քվեարկել, Փաշինյանի խորհրդարանական դաշնակիցներն անցյալ շաբաթ հայտարարեցին, որ պատրաստվում են փոփոխություններ կատարել օրենքում՝ ամրագրելով, որ արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիները կարողանան քվեարկել միայն այն դեպքում, եթե ընտրություններից առաջ առնվազն վեց ամիս բնակվել են Հայաստանում։

Սա սխալ և խտրական մոտեցում է։ Փաշինյանն իրավունք չունի արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին վերաբերվել որպես երկրորդ կարգի քաղաքացիների։ Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի քաղաքացիներին զրկել ընտրելու իրենց իրավունքից:

Փոխանակ գիտակցելու, որ Սփյուռքն արժեքավոր ներուժ է, Փաշինյանը փորձում է մարդկանց հեռու պահել հայրենիքի կյանքին որևէ ներգրավվածությունից: Սփյուռքը շատ ավելին է, քան պարզապես «կթու կով»: Սփյուռքահայերը կարող են նպաստել Հայաստանի բարգավաճմանը՝ իրենց ներդրումների և փորձի միջոցով: Փոքր ազգը, որը դարեր շարունակ վերապրել է հալածանքներ, կոտորածներ և նույնիսկ ցեղասպանություն, չպետք է պառակտվի: Փաշինյանն արդեն իսկ բաժանել է հանրությանը՝ նախկինների և ներկաների, հայաստանցիների և արցախցիների, հայաստանցիների և սփյուռքահայերի, իսկ այժմ՝ «ներքին» և «արտաքին» քաղաքացիների: Նա պետք է հետևի ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի հանրահայտ պատգամին. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ եկավ իշխանության, նա լուծարեց Սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանի և Սփյուռքի միջև եղած միակ կապը։ Դրա փոխարեն ստեղծեց «ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը»՝ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, որն սկսեց քանդել Հայաստանի և Սփյուռքի միջև եղած բոլոր կամուրջները։ Փաշինյանն ինքն արտասահմանյան այցերի ընթացքում սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ նսեմացնող արտահայտություններ արեց նրանց հասցեին։

Ցավալի է, սակայն Հայաստանի թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ավելի շատ են գիտակցում Սփյուռքի կարևորությունը։ Տարիների ընթացքում թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ալիևը բազմիցս նշել են, որ գերազանց հարաբերություններ ունեն Հայաստանի կառավարության հետ, սակայն մտահոգված են, որ «հզոր» Սփյուռքը խոչընդոտում է Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու իրենց ծրագրերին։

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հստակ հանձնարարականներ են տվել իրենց դեսպանություններին և հյուպատոսություններին՝ աչալուրջ հետևելու տեղի հայկական համայնքների գործունեությանն ու հայտարարություններին։ Նրանք մշտադիտարկում են հայկական լրատվամիջոցները՝ իրազեկ լինելու վերջիններիս տարածած հաղորդագրություններին և նախատեսվող միջոցառումներին։ Հավաքված ողջ տեղեկատվությունը փոխանցվում է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարություններին։

Դրա թարմ օրինակներից է 2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած «Սփյուռքի զորաշարժի համաժողովը», որին մասնակցում էր 26 երկրից ժամանած 170 հայ ակտիվիստ, այդ թվում՝ Հայաստանի երեք նախկին վարչապետներ և Արցախի կառավարության ներկայացուցիչներ։

Անկարայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի (AVIM) վերլուծաբան Իլահա Խանտամիրովան Փարիզի համաժողովի վերաբերյալ երկու մասից բաղկացած ծավալուն վերլուծություն է հրապարակել: Ահա հատվածներ նրա զեկույցից. «Փաշինյանն առանձնանում է որպես անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքական առաջնորդը, որը բացահայտ հակադրության մեջ է մտել թե՛ Հայոց եկեղեցու, թե՛ Սփյուռքի հետ: Մասնավորապես, վերջին տարիներին արցախյան հիմնախնդրի շուրջ նրա հռետորաբանության փոփոխությունը խորը պառակտումներ է առաջացրել Սփյուռքի շրջանակներում: Փաշինյանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք բացահայտ ճանաչելը ․… լուրջ շեղում է հայկական ավանդական ազգայնական դիսկուրսից»:

Խանտամիրովան անդրադարձել է նաև Փարիզի համաժողովում իմ ունեցած ելույթին, նշելով. «Գրող Հարութ Սասունյանի՝ «Սփյուռքի խորհրդարան» ստեղծելու առաջարկն ուշագրավ է այնքանով, որքանով փաստում է [Հայաստանի և Սփյուռքի միջև] ներկայումս առաջացած լարվածության ծավալները»։

Մի՞թե զարմանալի չէ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում Սփյուռքի հայտարարություններին և գործունեությանը, քան Հայաստանի վարչապետը։

 

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930