Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն: Այս վերտառությամբ գրառում ու լուսանկար է հրապարակել ԵՄ հարեւանության ու ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը: Լուսանկարում նա Հայաստանի տարածքային կառավարման նախարարի հետ է՝ փոքրիկ տուփով մի քանի ծիրանը ձեռքին, որը եվրահանձնակատարին նվիրել է նախարարը:
Հետաքրքիր է, Մարթա Կոսը վաճառքի կհանի՞ հայկական ծիրանի «առաջին խմբաքանակը», թեկուզ օրինակ՝ Եվրահանձնաժողովի անդամների շրջանակում: Եթե նրանք դառնան հայկական ծիրանի գովազդային գործակալներ, ապա հայկական գյուղմթերքը եվրոպական շուկան կնվաճի գուցե ռեկորդային արագությամբ ու ծավալով: Թեեւ, իհարկե, դեռ պետք է հասկանալ, թե ինչպիսին է եվրահանձնակատարների եւ նրանց գլխավորի՝ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանրային վարկանիշը: Եթե այն գտնվում է այնպիսի ցածր մակարդակի վրա, ինչպիսին, օրինակ, մեր բարեկամ Էմանուել Մակրոնի վարկանիշն է՝ պատմականորեն ցածր, ապա այդ դեպքում հայկական ծիրանի համար ավելի լավ է, եթե նրանք դրանից մնան հեռու:
Բայց, եվրահանձնակատար Կոսը պատրաստվում է մոտենալ Հայաստանին, բառի բուն իմաստով, եւ սա իհարկե թերեւս ավելի է արժանի ուշադրության, քան նվիրած ծիրանի հանդեպ նրա ուշադրությունը: Մի քանի օր առաջ Լյուքսեմբուրգում հանդիպելով Հայաստանի ԱԳ նախարարի հետ, նա հայտարարեց, որ Հայաստանին աջակցելու կոնկրետ հարցեր քննարկելու համար հուլիսի 5-ին ժամանելու է Երեւան:
Եվրահանձնակատար Կոսի այցը տեղի է ունենալու շատ խորհրդանշական օր՝ հուլիսի 5, Հայաստանի Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին է ընդունվել Հայաստանի Սահմանադրությունը: Հիմա Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը եւ չեղարկել դրանում Անկախության հռչակագրին արվող հղումը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման:
Կարդացեք նաև
Կոսի այցը հուլիսի 5-ին՝ խորհրդանշական է այդ իմաստով, ու կարծում եմ՝ օրն ընտրված է ոչ պատահական: Հարցն այն է, որ Սահմանադրության փոփոխության ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցում ամենից շահագրգռված կողմը Եվրամիությունն է: Գուցե ավելի, քան Ադրբեջանը, կամ համենայնդեպս՝ ոչ պակաս:
Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում, երբ ընդդիմության դեմ իր հակաքարոզչությունն էր կառուցում Ռուսաստանից արվող «նվերների» վրա՝ «մենք չենք փոխի անկախությունը ելակի հետ»:
Բայց, թերեւս, կփոխենք Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը ծիրանի հետ, ավելի շուտ՝ նվեր տված ծիրանով Մարթա Կոսի լուսանկարի հետ: Որովհետեւ ավելի մեծ էֆեկտ, քան լուսանկարը՝ հայկական ծիրանին եվրոպական ուղղությամբ թերեւս չի սպասում, խոշոր հաշվով: Իսկ ահա Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը հնարավորինս արագ բավարարի Ադրբեջանի պահանջները, որպեսզի հնարավորինս արագ ձեւավորվի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա քառակողմ առանցքը, որի մասին այս տարեսկզբին հայտարարում էր եվրահանձնակատար Մարթա Կոսը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































