«Սա պատմական փաստ է, ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի, ինձ համար կարեւոր է հենց այս հանգամանքը։ Դատական ակտերը հերքել հնարավոր չէ, եւ սա ցույց է տալու պատերազմի դեմքը։ Այս դեպքը եւ սրանից հետո մյուս դեպքերը, որոնք դառնալու են անհերքելի դատական ակտ, կոտրելու են Ադրբեջանի կողմից առաջ տարվող այն միֆը, թե իբր թե իրենք զոհ էին, հայերը հարձակվել էին իրենց վրա։ Դա հայրենական պատերազմ չէր, ագրեսիվ պատերազմ էր, հայրենական պատերազմում զինվորներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ կայացրած վճռին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները դաժանորեն խոշտանգել էին, ապա գլխատել։
Արա Ղազարյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանի կառավարությունն անընդհատ բողոքում էր, ընդհուպ ասում էր՝ մի օգտագործեք հայկական անվանումները, բայց ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձունքում։
Երկրորդ կարեւոր փաստը, Արա Ղազարյանի խոսքով, այն է, որ երբ պատերազմի ակտիվ փուլում են տեղի ունենում անմարդկային վերաբերմունք, խոշտանգում, ռազմական հանցագործություններ, ՄԻԵԴ-ը սովորաբար ձեռնպահ է մնում։ Որոշ դեպքերում, երբ խախտումը ահագնացող ծավալի է կամ առանձնակի դաժանությամբ, ի վերջո որոշում է կայացնում։ «Եթե որոշումը կարդաք, ի՞նչ է ասում ՄԻԵԴ-ը՝ դա կատարել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, դա կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը սա ստիպված պետք է ընդունի։ Որքան էլ պետության ներսում վարույթներ հարուցի, դատավարություններ, որով կփորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, նման դատական ակտերը հերքելու են իրենց այսպես կոչված «պատմական ճշմարտությունը»,- ասաց Արա Ղազարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Այս վճիռը, Արա Ղազարյանի խոսքով, կասկածի տակ է դնելու թե 2016 թվականի, թե 2020 թվականի Ադրբեջանի այսպես կոչված «ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը»։ «Ադրբեջանը հենց դրան է ուզում հասնել՝ լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը, իր կողմից ագրեսիվ պատերազմը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելու»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































