Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ. ՄԻՊ-ին առընթեր խորհուրդը մեկնարկել է գործունեությունը

Հունիս 24,2026 15:56 Share

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը» պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով դառնալ պետության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և շահառուների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության հարթակ։

Հունիսի 23-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ ձևավորված Խորհրդի անդրանիկ նիստը, որը կազմակերպվել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։

Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ, ոլորտային հասարակական կազմակերպություններ և անկախ փորձագետներ։

📝Նորաստեղծ խորհուրդը գործելու է որպես խորհրդատվական մարմին՝ աջակցելով ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը, ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների մշակմանը։

🎤Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթ ուղղություններից է։

«Մեզ համար փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ոչ թե առանձին դեպքերի արձագանքման հարց է, այլ երկարաժամկետ և համակարգային առաջնահերթություն»,– նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն բազմակողմ համագործակցության պայմաններում, երբ լսելի է դառնում ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և հենց շահառուների ձայնը։

Այդ համատեքստում Պաշտպանը կարևորել է այն փաստը, որ խորհրդում ընդգրկված են նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք ստեղծվել և ղեկավարվում են փախստականների ու բռնի տեղահանված անձանց կողմից։

«Չափազանց կարևոր է, որ մարդկանց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում ներգրավված լինեն հենց այդ մարդիկ և նրանց ներկայացնող կառույցները։ Սա նրանց ձայնը լսելի դարձնելու և խնդիրները հասցեական ներկայացնելու կարևոր հնարավորություն է»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը նաև նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ շարունակում են պահպանվել մի շարք մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են ոչ միայն իրավական և գործնական լուծումներ, այլև արդյունավետ հաղորդակցություն ու շահառուների պատշաճ իրազեկում։
🤝Պաշտպանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամ կազմակերպություններին և անկախ փորձագետներին՝ նախաձեռնությանը միանալու պատրաստակամության համար, ինչպես նաև բարձր է գնահատել միջազգային գործընկերների, մասնավորապես ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությունը։
🎤Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նրանք կարևորել են համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը և վերահաստատել ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամությունը։
🗣Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց առնչվող հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։
⚖Առանձնակի ուշադրություն է դարձվել միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը, խտրական և տարբերակված մոտեցումների բացառմանը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի միջև կանոնավոր հաղորդակցության և հետադարձ կապի մեխանիզմների զարգացման անհրաժեշտությանը։
🎤Ամփոփելով նիստը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նորաստեղծ հասարակական խորհուրդը կոչված է դառնալու ազդեցիկ խորհրդակցական հարթակ, որը կնպաստի փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, նրանց ձայնի լսելիության բարձրացմանը և պետական քաղաքականությունների մշակման գործընթացներում նրանց մասնակցության ընդլայնմանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930