«Ազատություն». Ամերիկյան Apple կորպորացիան App Store հավելվածների առցանց խանութից հեռացրել է ռուսական VK ընկերության մի շարք հավելվածներ։ VK-ն սոցիալական ցանցերի և տարբեր թվային ծառայությունների սեփականատեր է։
VK-ից հայտարարել են, թե Apple-ը հավելվածները հեռացրել է միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման։
App Store-ից անհետացել են «Одноклассники» և «Дзен» սոցիալական հարթակները, Mail.ru էլեկտրոնային փոստի ծառայությունը, VK «Знакомства», «Музыка», «Мессенджер», «Почта» հավելվածները, ինչպես նաև VK Video-ն և Skillbox-ը։
Միաժամանակ ներբեռնման համար հասանելի է մնում «ВКонтакте» (VK) սոցիալական ցանցի հավելվածը։
Կարդացեք նաև
VK-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը երբեք չի գտնվել պատժամիջոցների տակ, ներառված չի եղել պատժամիջոցների ցանկում, ինչը, ըստ ընկերության, հաստատվում է միջազգային և ամերիկացի իրավաբանների եզրակացություններով։
Ընկերությունը պնդում է, որ Apple-ը սահմանափակում է ռուսաստանցի օգտատերերի հասանելիությունը լայնորեն օգտագործվող ծառայություններին, որոնցից ամեն օր օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։
VK-ում Apple-ի քայլերը որակել են որպես «չհիմնավորված և անընդունելի»։
Apple-ից ավելի ուշ պարզաբանել են App Store-ից VK հավելվածների հեռացումը՝ այն կապելով պատժամիջոցների հետ։
Մասնավորապես, Apple-ը BBC-ի ռուսական ծառայությանը տված մեկնաբանությունում հայտնել է, որ VK ընկերության հավելվածները հեռացվել են App Store-ից՝ պատժամիջոցների պահպանման կանոններին համապատասխան։
Ընկերությունից նշել են, որ Apple-ը պարտավոր է հետևել այն իրավազորությունների օրենքներին, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։
Միաժամանակ Apple-ը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պատժամիջոցների մասին է խոսքը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































