Այն, որ ասում էիք՝ եթե չընտրեք՝ պատերազմ կլինի, դրանով ինքներդ հենց հաստատում էիք, որ ձեր բերած խաղաղությունը պայմանական խաղաղություն է: Այն ո՞ր հիմար հակառակորդը կուզենա հարձակվել, լուրջ մարդկային ու նյութական կորուստներ կրել, երբ ու քանի դեռ ինչ ուզում՝ ստանում է: Պատահակա՞ն է, որ ձեր վերընտրությամբ ամենից առաջ ուրախացել են Ադրբեջանն ու Թուրքիան: Խոսում եք ձեր «օրգանիկ» ու հիմնական մրցակիցների 70, թե 80 տոկոս «կաշառքով» քվեների մասին: Այդ ո՞վ եւ ինչպե՞ս հասցրեց անմիջապես հաշվել, ու կարելի՞ է մարդկանց, հարյուր հազարավոր ընտրողներին հապշտապ այդպես վիրավորել: Իսկ ձեր օգտին բոլոր քվեները, ձեր ԿԸՀ-ի բոլոր հաշվարկները սուրբ են, չէ՞… Այդ իբրեւ ապացույց էլի դեռ ամեն օր ներկայացվող զայրացնող ձայնագրություններն ո՞ւմ են հետաքրքիր եւ քանի՞ մարդ է դրանց իսկությանը հավատում: Այդ նախապես իմացել տեղերն ու դատարանների թույլտվությա՞մբ են գաղտնալսել կաշառատու-կաշառառուներին, թե՞ որ բնական է այս դեպքում կասկածելը՝ բոլորիս են համատարած գաղտնալսել ու լսում: Ի՞նչ իրավունքով եւ ինչքա՞ն կարելի է:
Եթե որեւէ մեկը հանցանք է գործել, նա անպայման պետք է դրա համար օրենքով պատասխան տա, այն էլ՝ անկախ դիրքից, «իշխանական» կամ ընդդիմադիր թե մրցակից ճամբարից, նաեւ մեկ կամ մյուս ուժի ընտրող լինել-չլինելուց: Այդ հարցով զբաղվելու համար կան իրավապահ եւ դատական մարմիններ, որոնք պետք է հանգիստ իրենց գործը կատարեն՝ առանց մեծ աղմուկի ու հասարակության ուշադրությունն անվերջ նման հարցերի վրա սեւեռելու: Էլ չենք ասում՝ նաեւ առանց քաղաքական պատվերի: Երկրի ղեկավարն էլ պետք է իր առանց այն էլ ծանրաբեռնված ու դժվարին գործն անի, իսկ երբ նա խոսում է, մարդիկ նրա խոսքից, կշռադատված ու իմաստուն մտքերից պետք է բան սովորեն: Այս առումով վատ չէր լինի՝ այսօրվա կառավարող թիմի որոշ մարտաշունչ անդամներ իրենց թույլ տային մեկ-մեկ լսել, օրինակ, Կարեն Դեմիրճյանի տեսաձայնագրված մտքերից…
Ընտրությունից ու արդյունքի արձանագրումից հետո հասցեական ասում եք նաեւ՝ թավիշն ավարտվեց (ինչպես, ի դեպ, այն «սրտիկները», որոնք հակասում էին ձեր հանդիպումների հայտնի հռետորաբանությանը): Ձեր թիմակից պաշտոնյան էլ արդեն կարծեմ անհասցե, խիստ դեմքով կրկնում է՝ թավիշն ավարտվեց, ու դա արդեն հանուրին մատ թափ տալու պես է հնչում:
Չգիտեմ՝ գոնե աչքի տակով նայե՞լ են տարբեր միջազգային եւ տեղական կառույցների դիտարկումներն ու արձանագրումներն այս ընտրությունների քարոզարշավի, դրանում ատելության խոսքի ծավալների մասին: Հայաստանում գործող Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային անկախ վերլուծական կենտրոնի (ԺԱՏԿ) զեկույցներն, օրինակ, փաստում են, որ պաշտոնական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքն ու հռետորաբանությունն ունեցել են աննախադեպ ծավալներ, եւ դրանց հիմնական գեներացնողները եղել են բոլոր «ոչ-յուրայիններին» բոլոր մեղքերում միշտ մեղադրող իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ: Կառավարման վերին օղակից եկող մեղադրանքների, վարկաբեկումների, սպառնալիքների բոլոր, նաեւ բառապաշարային դրսեւորումներն իրենց արտացոլումն ու ավելի վատ կրկնությունն են գտնում ՔՊ-ական միջին ու երեւի նաեւ ավելի ցածր օղակներում, Փաշինյանի ֆանատների եւ ենթադրյալ ֆեյքերի սոցցանցային հաճախ հայհոյանքի մակարդակի գրառումներում:
Կարդացեք նաև
…Այս ամեն օր հանրությանը խիտ չափաբաժնով ներարկվող թշնամանքի եւ ատելության խոսքը, ըստ հարկի պատերազմով վախեցնելու ազդեցության հետ, չարության ու պառակտման թունավոր սերմեր են, որոնք անխղճաբար տարածվում են, թունավորում հանրային մթնոլորտն ու մեր կյանքը, ներսից թուլացնում երկիրը: Մեր երբեմնի ստեղծագործ, արարող, իր ստեղծածով հպարտ ժողովուրդն այսօր կարծես խեղճացած, կոտրված է: Ու բնությունն անգամ այս ամենի համար մեզ զգուշացնում է… Մհեր Մկրտչյանի կինոհերոսի հոգու ցավից բխած հայտնի արտահայտությամբ՝ «Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»: Այս մթնոլորտում ինչպե՞ս եղնի:
Պետականություն ունենալը, միջազգայնորեն ընդունված ինքնիշխան պետությունը մեր դարավոր երազանքի իրականացումն է: Բայց այսպիսի՞ պետություն էին մեր սերունդները երազել, եւ այս ճանապարհն ո՞ւր է տանում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































