ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պնդելով, որ կեղծ տեղեկությունների միջոցով վերջինս արատավորել է իր արժանապատվությունն ու բարի համբավը։
Հիշեցնենք, հայցի հիմք էր հանդիսացել ԱԺ նախագահի՝ 2025 թվականի հունիսի 14-ի տելեգրամյան գրառումը:
«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:
Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը պահանջի մեջ նշել էր, որ խնդրում է պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ֆեյսբուք սոցիալական հարթակում իրեն պատկանող Alen Simonyan/Ալեն Սիմոնյան անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող Alen Simonyan տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն հերքել «Ռոբերտ Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող իր կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները»։
Դատարանը, սակայն, արձանագրել է, որ Ալեն Սիմոնյանի խոսքում զրպարտություն կամ վիրավորանք առկա չէ. «Դատարանը գտնում է, որ այդ արտահայտություններն ինքնին չեն հաղթահարում վերացական չլինելու արգելքը, քանի որ դրանք (դրանցից և ոչ մեկը) չեն պարունակում փաստարկված տեղեկություններ որևէ կոնկրետ գործողության կամ անգործության վերաբերյալ:
Անդրադառնալով նշված հայտարարության՝ փաստացի տվյալ բովանդակելուն, դատարանը գտնում է, որ հայտարարությունը չի բովանդակում փաստացի տվյալներ գործողությունների կատարման վերաբերյալ, չունի բավարար որոշակիություն: Խոսքը պետք է վերաբերի փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ պետք է ունենան կոնկրետ առարկայական դրսևորում։
Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով կատարված արտահայտություններում «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի։ Սույն դեպքում, դատարանը հաշվի առնելով այն, որ չի հաստատվում պատասխանողի կողմից կատարված արտահայտությունների զրպարտության բնորոշ հատկանիշներից՝ արտահայտության փաստացի տվյալներ հանդիսանալու հանգամանքը, դատարանը զրպարտությանը բնորոշ մյուս հատկանիշների գոյության կամ բացակայության հարցին չի անդրադառնում: Ինչպիսի պայմաններում այդ մասով պահանջը անհիմն է և ենթակա է մերժման»
Դատավոր Անուշավան Մուշեղյանը վճռել է.
1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի՝ հայցվորի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող կեղծ տեղեկությունները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և վիրավորական արտահայտություններով արատավորելու համար ներողություն խնդրել պարտավորեցնելու, ինչպես նաև ոչ նյութական վնասների հատուցման պահանջների վերաբերյալ, մերժել:
2. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 120.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար:
3. Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:


















































