Երևան համայնքի կողմից ներկայացված դիմումը` «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել էր վարույթ 2022 թվականի մարտին։
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Հովհաննես Եղյանը։
Երևան քաղաքի ավագանու 2017 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 53-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի միջև 2018 թ. հունվարի 25-ին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին տրամադրվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի 3100.7 քմ մակերեսով տարածքը՝ մշակութային գործունեություն ծավալելու և գույքի վերանորոգման ծրագիր իրականացնելու նպատակով:
Ըստ դիմումատու Երևան համայնքի, «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը հանդիսանալով մշակութային կենտրոնի մշակութային գործունեություն և վերանորոգման ներդրումային ծրագիր իրականացնող, չի կատարել մշակութային կենտրոնի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որի արդյունքում վերջինիս 90-օրյա ժամկետը գերազանցող դրամական պարտավորությունները Երևան համայնքի նկատմամբ կազմում են 180.098.377 ՀՀ դրամ գումար, որից կողմերի միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման պարտք’ 2018-2021 թվականների ընկած ժամանակահատվածի համար 180.000.000 ՀՀ դրամ և ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու արդյունքում 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առաջացած տույժ’ 98.377 ՀՀ դրամ։ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը ներդրումային պարտավորությունները մինչ օրս չի մարել, որով թույլ է տվել նշված պարտավորությունների 90-օրյա ժամկետը գերազանցող կետանց, այսինքն՝ պարտապանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։
Քաղաքապետարանը խնդրել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին ճանաչել սնանկ։ Հիմնադրամը օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել ընկերության սնանկությունը:
Դատարանը (դատավոր՝ Գ. Հովհաննիսյան) դիմումը բավարարել էր.
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին ճանաչել սնանկ։
Կարդացեք նաև
Հայտարարվել էր հետախուզում թիվ ՍնԴ/0719/04/22 սնանկության գործով պարտապան՝ մշակութային հիմնադրամի տնօրեն Արմեն Լևոնի Համբարձումյանի գույքի, դրամական միջոցների, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Հիմնադրամի սնանկության գործով կառավարիչ Հ. Եղյանի կողմից ներկայացվել է սնանկ ճանաչված Հիմնադրամի պարտատերերի պահանջների նախնական ցուցակ։
2026 թվականի հունիսի 19-ին Երևան համայնքի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թ. սեպտեմբերի 5-ի որոշումը մասնակիորեն՝ Սնանկության դատարանի 2023 թ. մայիսի 26-ի «Պարտատերերի պահանջների նախնական ցուցակը որպես վերջնական ցուցակ հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի նկատմամբ Երևան համայնքի պահանջը՝ 257.992.500 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ հաստատելը մերժելու մասով, վերացնել ու վերացված մասով գործն ուղարկել Սնանկության դատարան` վերը նշված ծավալով նոր քննության։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2026


















































