2024թ. դեկտեմբերի 26-ին «Օրագիր NEWS» լրատվական կայքի յութուբյան տեսանախագծային կայքում հրապարակվել էր «Կարմիր գծերը պետք է 500 հազար սարքեն. հարցում» վերտառությամբ տեսանյութ, որում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե կարմիր գծերի արժեքը մնալու է 160.000 դրամ, ասել էր՝ «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի «օպելով», և ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված. գնացեք Իտալիա տեսեք. ավտոյի գին պտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն. ավտոյի գին տարին պիտի մուծեն՝ ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն»:
Նույն օրը «Օրագիր NEWS» լրատվական կայքի ՖԲ սոցիալական կայքում հրապարակվեց «Ավինյանի հայրը՝ Երևանում կայանման մասին» վերտառությամբ տեսանյութ: Նշենք նաև, որ տեսանյութը տեղադրված լինելով «Youtube» տեսանախագծային կայքում և «Օրագիր NEWS» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում, սույն հայցադիմումը ներկայացնելու պահին ունեցել է համապատասխանաբար հետևյալ դիտումները՝ 3.179 և 114.247։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգորը վարում է «Opel Astra 1.6․1» մակնիշի 2002թ. թողարկված մեքենա:
Եվ նա դիմելով դատարան, հայտնել էր, որ քաղաքագլխի հայրը արատավորել է իր պատիվը և արժանապատվությունը, քանի որ նա ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող «Օպել» մակնիշի մեքենա, որ բազմիցս երթևեկել է Երևան քաղաքի կենտրոնում, և ըստ պատասխանողի կատարած արտահայտության՝ յուրաքանչյուր ոք «համբալ» է, եթե ունի «Օպել» մակնիշի մեքենա, երթևեկում է Երևան քաղաքի կենտրոնում:
Կարդացեք նաև
Հիշենք, որ այդ արտահայտությունը արվեց հրապարակային, տարածվեց սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից, նաև «Օպելի» հարյուրավոր վարորդներ պարզապես կոչ էին անում միավորվել, հեգնախառն «համբալ» բառի համար առանձին-առանձին պահանջել փոխհատուցում։
Գրիգոր Իսկանդարյանը պահանջել էր 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում։
Դատարանի 2025թ. մարտի 12-ի որոշմամբ նշանակվեց նախնական անդրանիկ դատական նիստ։
Ավագանու անդամ հայցվորը դատական գործընթացի ժամանակ հայտնել էր, որ պատասխանողի խոսույթում տեղ է գտել «ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով» արտահայտությունը, որը շարքային քաղաքացիները կարող են ընկալել որպես վիրավորանք և համաձայն «Վիքիբառարան ազատ բառարան»՝ էլեկտրոնային բառարանի՝ «Համբալ» բառի իմաստն է՝ 1. (խսկց. ..) տարատեսակ ծանր ու ոչ պատվաբեր աշխատանքներ կատարող բանվոր, 2. (փխբ. ..) հիմար, տգետ: Համաձայն մեկ այլ «ԱրմDic» էլեկտրոնային բառարանի՝ «Համբալ» բառի իմաստն է՝ 1. Տարատեսակ (ծանր ու ոչ պատվաբեր) աշխատանքներ կատարող բանվոր: 2. փխբ. Հիմար, տգետ: Այսինքն՝ պատասխանող Ավինյանի կողմից նշվածը վիրավորանք պարունակող արտահայտություն է։
Հայցվոր կողմը հղում էր կատարել Եվրոպական դատարանի մի շարք որոշումներին, նշել էր, որ «դատարանն անդրադառնալով անձանց խմբի վերաբերյալ վիրավորական արտահայտությունների դեպքում խմբի անդամների դատական պաշտպանության հնարավորության հարցին, արձանագրել է, որ մարդկանց թիրախավորումը, որն իրականացվում է բնակչության որոշակի խմբերի նկատմամբ վիրավորանքի, ծաղրի կամ զրպարտության միջոցով, կարող են բավարար լինել, որպեսզի իշխանությունները հանդես գան այլատյացության կամ այլ խտրական արտահայտությունների դեմ պայքարի օգտին՝ խոսքի ազատության անպատասխանատու իրականացման պայմաններում»: Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ սոցիալական կամ էթնիկ խմբի մասին հրապարակային հայտարարությունը կարող է ազդել նրա անդամների «անձնական կյանքի» վրա կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով։
Երևան քաղաքի քաղաքացիական դատարանը, որը գրավոր ընթացակարգով էր քննել այս գործը, գտել էր, որ որևէ խմբի պատկանելու հանգամանքը հիմնավորվելու դեպքում տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն դատական պաշտպանության դիմելու համար, որպիսի պայմաններում հիմք ընդունելով գործի նյութերում առկա փաստական տվյալները «Օպել» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ՝ դատարանը եզրահանգում է, որ հիմնավորվում է հայցվոր Գ. Իսկանդարյանի իրավական շահագրգռվածությունը գործի քննության ընթացքում:
Դատարանը վիրավորական է գնահատել «համբալ» արտահայտությունը, ոչ թե առավելապես հիմք ընդունելով դրա բառարանային կամ պարզ բառիմաստային բովանդակությունը (քանի որ առանձին դեպքերում «համբալ» արտահայտությունը նշանակում է նաև տարատեսակ ծանր աշխատանքներ կատարող բանվոր), այլ նման արտահայտության կատարման պահին, դրա՝ հասարակության մեջ որպես վիրավորական ընկալման իրողությունը:
Դատարանը Արմեն Ավինյանից հօգուտ Գ Իսկանդարյանի 250․000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, փոխհատուցման որոշում կայացրեց, հայցապահանջի կեսը։
Մնացած մասով հայցը մերժել էր:
2026 թ․մարտի 20-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը Արմեն Ավինյանի անունից բերած վերաքննիչ բողոքը բավարարեց, թիվ ԵԴ2/0504/02/25 դատական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 2025 թ․ հուլիսի 4-ի կայացված վճիռն ամբողջությամբ բեկանեց և փոփոխեց՝ վճռի եզրափակիչ մասը շարադրելով հետևյալ կերպ.
«Գրիգոր Գագիկի Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Մարտիրոսի Ավինյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, մերժել»։
Մայիսի 26-ից գործը Երևանի քաղաքացիական դատարանում է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2026


















































