Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն ՍԴ դիմողներից ոչ մեկն այն կարծիքը չունի, որ ընտրողը զոմբի է, ինչպես Դուք ձևակերպեցիք»․ Հովհաննես Խուդոյանը՝ Արթուր Վաղարշյանին

Հունիս 29,2026 18:45 Share

«Առնվազն ՍԴ դիմողներից ոչ մեկն այն կարծիքը չունի, որ ընտրողը զոմբի է, ինչպես Դուք ձևակերպեցիք, բայց մեր ընտրողը՝ հայ ընտրողը, ոչ միայն մեզ քվեարկած ընտրողը, չափազանց խոցելի է և ունի պաշտպանության կարիք։ Հայ ընտրողն այն ընտրողն է, որը կարող է ակնկալիք ունենալ, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր ընտրությունների, իր կամքի վրա ոչ մեկը ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր»,- ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի հարցադրումներին։

Հիշեցնենք՝ Արթուր Վաղարշյանը հայտարարել էր․ «Երբ կարդում եմ դիմումները, ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ ընտրողները զոմբիներ են․ ինչ-որ մեկն ասաց՝ շուն-շանգյալ, վախեցան, գնացին՝ իրենց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձրացավ, ուրախացավ, ընտրեց։ Դուք ի՞նչ է՝ մարդկանց լրիվ ավտոմատի տե՞ղ եք դրել, որը մատի մի շարժումով պատրաստ է հրամաններ կատարել։ Հնարավոր չէ՞, որ ատելության խոսքը հակառակ ազդեցությունն ունենա, մարդը հիասթափվի»։

Հովհաննես Խուդոյանը վստահեցրեց՝ իր կարծիքով՝ հայ ընտրողն այն ընտրողն է, որը գնում է ընտրությունների, որպեսզի իր քվեարկությամբ ապահովի, որ լինի այնպիսի իշխանություն, խորհրդարան, որի գոյության օրոք իր, իր ընտանիքի, շրջապատի համար լավ կլինի․ «Հայ ընտրողը շատ խոցելի վիճակում է, շատ ազդեցություններից կարող է խոցվել, որովհետև ծայրահեղ սոցիալապես վատ պայմաններում է ապրում, ծանր հոգեբանական վիճակում է 2020-ի պատերազմից հետո, տեղեկատվական գրոհների տակ է։ Այդ ընտրողը, որն այսքան խոցելիություն ունի, ունի պաշտպանության կարիք։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ ընտրողը պաշտպանված լինի։ Դրա համար պետությունը ԿԸՀ-ին տվել է լիազորություններ, գումար, հնարավորություններ, տեխնիկա, որպեսզի ապահովի այդ ընտրողի՝ հնարավորինս քիչ խոցելի դարձնելը։ Եթե նույնիսկ բոլոր մարմինները թերանան, բոլոր ուղղություններով ընտրողի վրա ճնշում լինի, փորձ կատարվի ազդել ընտրողի կամքի վրա, այս բարձր ատյանը փորձի ապահովել, որ դա այդպես չլինի»։

ՍԴ-ում 7 ուժերի ներկայացրած դիմումի քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930