Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հարությունյան. Հայկական ապրանքն իր արժեքով, ինքնարժեքով տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները. «Հրապարակ»

Հունիս 30,2026 10:48 Share

«Հրապարակի» զրուցակիցը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է:

– Գյուղացիները ծանր կացության մեջ են հայտնվել, ապրանքն իրացնելու խնդիր ունեն, Ռուսաստանը հայկական գյուղմթերքը չի ընդունում, ինչի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողները, այդ թվում` ծաղիկ, ձուկ, ելակ, ծիրան, այլ պտուղներ աճեցնողները չգիտեն ինչ անել: Իշխանությունները հայտարարում են, որ ՌԴ-ի այլընտրանքը եվրոպական շուկան է, նշում են, որ արդեն իսկ որոշ ապրանքներ արտահանել են Եվրոպա, իսկ թե Եվրոպայում ինչ ճակատագրի է արժանանում հայկական ապրանքը, այդ մասին իշխանավորները չեն խոսում, սակայն կան տեղեկություններ, որ, օրինակ, հայկական ծաղիկը Եվրոպայում չեն գնում: Որոշ տեղեկություններ կան, որ ապրանքը հասցրել են Եվրոպա ու ստիպված են եղել ոչնչացնել, անգամ արտահանող ընկերությանը պարտավորեցրել են վճարել դրա ոչնչացման համար: Ի՞նչ եք կարծում` այս պայմաններում հնարավո՞ր է ռուսական շուկան փոխարինել եվրոպականով:

– Հնարավոր չէ ռուսական շուկան փոխարինել այլ շուկայով, ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ-ից դուրս եկած գյուղմթերքը կամ այլ ապրանքներ հիմնականում սպառում է Ռուսաստանը: Ճիշտ է, ունենում ենք լոգիստիկ խնդիրներ` կապված Լարսի հետ, սակայն Լարսի թունելը կարող է խնդիրը լուծել: Ռուսական շուկան մեզ համար մեծ առավելություն ունի, ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է: Դա նշանակում է, որ Հայաստանից դուրս եկած ապրանքներն առանց մաքսատուրքերի` պարզեցված ձեւով ՌԴ են մտնում, եւ հակառակը` այնտեղից են ապրանքներ բերում Հայաստան: Այս ամենը ոչ միայն հրապուրիչ է, այլեւ` ձեռնտու մեզ համար: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, որ ով ասես, վերլուծում է այս հարցը, հատկապես Եվրոպական Միության երկրներ գյուղմթերք արտահանելու մասին են շատ խոսում: Այսօր շուկան տեղ է տալիս այն ապրանքներին, որոնք տեսքով, համային առումով, փաթեթավորմամբ եւ գնով բարձր դիրքերում են: Այն հեքիաթները, որ մերն ուրիշ է, մերը լավն է, վաղուց էլ չեն աշխատում: Այն տեղեկությունները, որ հայկական ապրանքները գնում են ԵՄ, զուտ քաղաքական հռետորաբանության տրամաբանության մեջ են, դրանք ուղղակի քաղաքական հայտարարություններ են, ոչ ավելի: Տարիներ են հարկավոր, որպեսզի հայկական գյուղատնտեսությունը զարգանա, այնքան զարգանա, որ կարողանա դառնալ մրցունակ եւ պահանջված եվրոպական շուկայում: Այժմ ինչ-որ մարդիկ են վերլուծում այս հարցերը, ովքեր ո՛չ գյուղատնտեսական գիտելիքներ ունեն, ո՛չ փորձ ունեն, ո՛չ աշխատել են ոլորտում, ո՛չ էլ անգամ համապատասխան կրթություն ունեն: Ինչ-որ տերմինոլոգիաներից են խոսում, եւ դա մարդկանց, հասարակությանը շփոթմունքի մեջ է գցում: Հայկական ապրանքն իր արժեքով, ինքնարժեքով տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930