Ազգային ժողովի դիմաց գտնվող Բաղրամյան փողոցի 18/2 հասցեում գտնվող կանաչապատ այգին քանդվում է, կտրվում են առողջ ծառերը. Aravot.am-ին ահազանգել են բնակիչները:
Մեզ հետ զրույցում շենքի բնակիչ Ալեքս Շուշանյանը բնակիչների անունից հետեւյալը փոխանցեց. «Մեր շենքի դիմաց կա կանաչապատ այգի՝ շուրջ 300 քառակուսի մետր կամ գուցե ավելի տարածքով: Այն ի սկզբանե պատկանել է պետությանը, ապա տարիներ առաջ վաճառվել է, հետո այն մեկը մյուսից գնել են 4-5 հոգի: Երբ այգին եղել է ընդհանուր օգտագործման, բնակիչներով ծառատունկ ենք արել, շուրջ 25-30 ծառ ենք տնկել: Այստեղ 20 տարվա ծառեր կան, եւ այժմ 4-րդ կամ 5-րդ գնորդը, որը կառուցապատող է, ցանկանում է շենք կառուցել, կտրում է ծառերը մինչեւ փորձաքննություն ունենալը: Առհասարակ սա կանաչ տարածք է, որը ոչնչացվում է: Կառուցապատողը «ՖԻԼԻՇԻՆ» ՍՊԸ-ն է, շինարարությունը հենց այսօր սկսվել է, 4 ծառ արդեն կտրվել է, առայժմ կանգնեցրել ենք իրենց: Քաղաքապետարանն իրենց տվել է թույլտվություն, բայց ծառերի վերաբերյալ որեւէ որոշում մեզ չեն տրամադրել»:
Բնակիչները նշեցին, որ կառուցապատողի հետ դատական խնդիրներ ունեն, եւ պատրաստվում են դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի պարզեն, արդյոք ի սկզբանե օրինական է եղել տարածքի վաճառքը:
Կարդացեք նաև
Կապվեցինք նաեւ «ՖԻԼԻՇԻՆ» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունից Aravot.am-ին հեռախոսով փոխանցեցին, որ ամեն ինչ օրինական է, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են եւ թույլտվություն ստացել:
Երեւանի քաղաքապետարանից եւս սպասում ենք մեկնաբանության, որը ստանալուն պես կհրապարակենք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ























































