Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը չի փոխում Ալիեւի համար սահմանած կարմիր գծերը

Հուլիս 01,2026 11:00 Share

Փարիզը չի մոռացել Արցախն ու արցախահայության հետ տեղի ունեցածը

Նոր հիշեցում Բաքվին՝ Ֆրանսիայից

Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում հերթական լարվածության դրսեւորման ականատես դարձանք։ Այս անգամ պատճառը՝ Ֆրանսիայի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթուղթն էր, որը, փաստացի, վերահաստատեց Փարիզի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը Բաքվի կոշտ արձագանքին արժանացավ՝ կրկին ցույց տալով, թե որ թեմաներն են շարունակում ամենազգայունը մնալ Ադրբեջանի իշխանությունների համար։

Հունիսի 23-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքում հրապարակվեց Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պատասխանը պատգամավոր Էլիզա Մարտենի հարցմանը, որով վերջինս ուշադրություն էր հրավիրել ֆրանսիական դիվանագիտության նախկին հայտարարություններին՝ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումների, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված հանցագործությունների եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նախարարությունը փաստացի վերահաստատեց վերջին տարիներին հնչեցրած իր բոլոր գնահատականները՝ արձանագրելով, որ դեռեւս 2023թ. ադրբեջանական ռազմական հարձակման պահից Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը եղել է միանշանակ։

Այսպես, փաստաթղթում հիշեցվում է, որ այն ժամանակվա Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարը Երեւանում հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայերը հարկադրված են լքել իրենց տները»։ Այնուհետեւ ներկայացվում է արդեն փաստական գնահատական. «Փաստացիորեն ադրբեջանական հարձակումը հանգեցրել է շուրջ 120 հազար հայերի զանգվածային արտագաղթին։ Ադրբեջանի զինված ուժերը անկանոն կերպով ռմբակոծել են մայրաքաղաք Ստեփանակերտը եւ քաղաքացիական բնակչությամբ բնակեցված այլ տարածքներ։ Այս տեղահանվածներին գումարվում են նաեւ այն շուրջ 30 հազար անձինք, որոնք արդեն իսկ փախուստի էին դիմել 2020թ. ադրբեջանական հարձակման հետեւանքով»։ Սրանով Փարիզը ոչ միայն արձանագրում է բռնի տեղահանության փաստը, այլեւ այն դիտարկում է որպես շարունակական գործընթաց, որը սկսվել էր դեռեւս 2020թ. պատերազմից։

Նախարարությունը հիշեցնում է նաեւ, որ 2023թ. հոկտեմբերի 4-ին Եվրոպայի հարցերով պետքարտուղարը դատապարտել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման անօրինականությունը, իսկ 2024թ. փետրվարի 22-ին Սենատի պաշտոնական տեղեկագրում հրապարակված պատասխանում արդեն արձանագրվել էր, որ ստեղծված իրավիճակը «հիշեցնում է էթնիկ զտում»։

Փաստաթղթում մանրամասն նկարագրվում են շրջափակման հետեւանքները.

«Իրականում այդ շրջափակումը հանգեցրել է սննդամթերքի եւ բժշկական պարագաների լուրջ պակասի։ Էլեկտրաէներգիայի անջատումները, բնական գազի եւ ավտոմեքենաների վառելիքի մատակարարումների խափանումները հավելվել են առանց այդ էլ ծայրահեղ ծանր պայմաններին, հատկապես այն բնակչության համար, որը մշտապես ենթարկվել է խտրականության եւ մեկուսացման»։

Այնուհետեւ նշվում է, որ 2023թ. հունիսի 15-ից սկսած արգելափակվել է նաեւ հումանիտար բեռների, դեղամիջոցների եւ ծանր հիվանդների տեղափոխումը, այդ թվում՝ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվող փոխադրումները, ինչը կտրուկ վատթարացրել էր առողջապահական իրավիճակը։

Պատգամավոր Էլիզա Մարտենը հիշեցրել է նաեւ, որ հենց Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էր հայտարարել՝ «դրանք հանցագործություններ են, որոնք չեն կարող մնալ առանց արձագանքի»։

Սակայն պատգամավորի հարցադրումն այսքանով չի սահմանափակվում։

Նա արձանագրում է, որ Ֆրանսիան վեց անգամ ավելացրել է Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը, սակայն միջազգային մակարդակում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նախաձեռնողականություն չի ցուցաբերվել՝ Ադրբեջանից միջազգային իրավունքի պահանջների կատարումը պահանջող բանաձեւ ընդունելու ուղղությամբ։

Փաստաթղթում հիշեցնում են նաեւ նախագահ Էմանուել Մակրոնի դեռեւս 2020թ. հայտարարությունը, համաձայն որի՝ Ֆրանսիան պատրաստ էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջոցով ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության գործում։

Այս համատեքստում էլ պատգամավոր Էլիզա Մարտենը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է խոսքերը վերածել գործնական քայլերի եւ հարցնում, թե դիվանագիտական ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում Փարիզը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Փաստացի, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն չի հրաժարվում իր նախկին գնահատականներից, այլեւ խորհրդարանի պաշտոնական փաստաթղթով կրկին վերահաստատում է դրանք՝ ակնկակելով պաշտոնական Փարիզից հետագա քայլեր։

Բաքվի նյարդային արձագանքը

Ֆրանսիայի քայլին անմիջապես արձագանքեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հանդես գալով կոշտ հայտարարությամբ։ Բաքուն հայտարարեց, որ «վճռականորեն դատապարտում եւ մերժում է» Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության անհիմն պնդումները՝ կապված Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի, Ադրբեջանում պահվող հայերի, հայկական մշակութային ժառանգության, մարդու իրավունքների եւ խաղաղ գործընթացի վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշեցին, թե՝ Փարիզը երկար տարիներ որդեգրել է «կողմնակալ մոտեցում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում»։ Բաքուն դժգոհեց, որ ֆրանսիական պաշտոնական փաստաթղթերում մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հայերին եւ Ադրբեջանում պահվող հայերին, սակայն որեւէ հիշատակում չկա Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի» մասին։

Ադրբեջանը կրկին քննադատեց Ֆրանսիայի եւ Հայաստանի պաշտպանական համագործակցությունը, ԵՄ դիտորդական առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը եւ նշեց, թե՝ դրանք խրախուսում են «ռեւանշիստական տրամադրությունները»։

Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայերին, ապա Ադրբեջանը կրկին առաջ է քաշել հայտնի թեզը, համաձայն որի՝ նրանք «պատասխանատվության են ենթարկվել կոնկրետ քրեական հանցագործությունների համար, ուստի այդ հարցը չպետք է քաղաքականացվի»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նաեւ կարծիք է հայտնել, թե Ֆրանսիան չի ընդունում «տարածաշրջանի նոր իրողությունները» եւ իր «միակողմանի քաղաքականությամբ վնասում է ինչպես սեփական հեղինակությանը, այնպես էլ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին»։

Հենց այս արձագանքն է, թերեւս, հաստակ խոսում Բաքվի իրական մտահոգությունների ու անհանգստությունների մասին։ Եթե Ֆրանսիայի հրապարակած փաստաթուղթը քաղաքական նշանակություն չունենար՝ դժվար թե Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նման ծավալուն ու նյարդային անդրադարձ կատարեր։

Ֆրանսիայի հետեւողականությունը եւ դրա քաղաքական նշանակությունը

Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Բաքվի այս արձագանքը հաջորդում էր մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած Մակրոն-Ալիեւ հեռախոսազրույցին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այդ զրույցից հետո X-ի իր էջում գրել էր, որ վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, քննարկել է տարածաշրջանային զարգացումները եւ ընդգծել խաղաղության գործընթացի շարունակական առաջմղման անհրաժեշտությունը։ Ալիեւն իր հերթին տեղեկացրել էր, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի սկզբին, Մակրոնը Երեւանում հայտարարել էր, որ Ալիեւի հետ քննարկելու է նաեւ Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Ակնհայտ է, որ Ֆրանսիան միաժամանակ փորձում է պահպանել երկխոսությունը Ադրբեջանի հետ, սակայն մյուս կողմից, չի հրաժարվում Հայաստանի, արցախահայության իրավունքների եւ միջազգային իրավունքի պաշտպանության վերաբերյալ իր հրապարակային դիրքորոշումներից, չի շեղվում Ադրբեջանի համար սահմանած «կարմիր գծերից»։

Ի դեպ, հարկ է նկատել, որ վերջին տարիներին գրեթե չի եղել դեպք, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած որեւէ հայտարարության պաշտոնական Բաքուն նման նյարդային տոնով արձագանքի։ Փոխարենը, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, Եվրոպական միությանը կամ եվրոպական կառույցներին, ապա Ադրբեջանի արձագանքները գրեթե մշտապես կոշտ են, նույնիսկ պաշտպանվողական։ Սա պատահական չէ։

Պաշտոնական Բաքուն հստակ գիտակցում է, որ եթե անգամ Հայաստանից լինեն կոշտ հայտարարություններ, դրանք միջազգային ազդեցության նույն մակարդակը չեն ունենալու, ինչ եվրոպական միջուկային գերտերության՝ ֆրանսիական պետության պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ երբ այդ դիրքորոշումը հրապարակվում է ոչ թե մամուլի հաղորդագրության, այլ Ֆրանսիայի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթով, այն արդեն ստանում է լրացուցիչ քաղաքական եւ իրավական կշիռ։

Միեւնույն ժամանակ ուշագրավ հակադրություն է նկատվում նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Երբեմն հայաստանյան ընդդիմադիր շրջանակները զարմանալի հետեւողականությամբ քննադատում են Արեւմուտքին, անգամ՝ հեգնում Մակրոնին, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է Ադրբեջանում։ Մինչդեռ փաստերը վկայում են այն մասին, որ հենց Ֆրանսիան է վերջին տարիներին ամենահետեւողական կերպով բարձրաձայնել արցախահայության իրավունքների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, Բաքվում պահվող հայ գերիների եւ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։

Այստեղ պետք է հիշեցնել նաեւ կարեւոր մեկ այլ դրվագ, որոնք հայաստանյան ընդդիմադիրները հետեւողականորեն ձգտում են մոռացության մատնել։ Ռուսաստանը, որը 2020թ. նոյեմբերի հայտարարությամբ ստանձնել էր Արցախում խաղաղապահ առաքելության իրականացումը, չկարողացավ կանխել ո’չ Լաչինի միջանցքի շրջափակումը, ո’չ Արցախի ամբողջական հայաթափումը։ Ավելին, այդ իրադարձություններից հետո Մոսկվան հիմա կենտրոնացել է Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների քննադատության վրա՝ մոռացության մատնելով սեփական պատասխանատվության հարցը. դեռ տարիներ առաջ Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակաշռությունը խախտելու հարցում իր «գործուն» աջակցությունն ու դերակատարությունը։

Հետեւաբար, այս ֆոնին Ֆրանսիայի խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթուղթը միայն դիվանագիտական պարզաբանում չէ։ Այն քաղաքական ուղերձ է, որով Փարիզը հերթական անգամ արձանագրում է, որ չի պատրաստվում հրաժարվել իր դիրքորոշումներից՝ անկախ Բաքվի դժգոհություններից ու նյարդայնանալու աստիճանից։

Իսկ Ադրբեջանի կոշտ արձագանքն, ըստ էության, ցույց է տալիս, որ միջազգային հեղինակություն, կշիռ, ազդեցություն ունեցող պետությունների գնահատականները շարունակում են մնալ զգայուն եւ ազդեցիկ գործոն Բաքվի արտաքին քաղաքական հաշվարկների խոչընդոտման համար։ Սա, ի դեպ, պետք է ուսանելի հանգամանք լինի նաեւ պաշտոնական Երեւանի համար։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել