Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սա է գործող իշխանության պատկերացրած իրական Հայաստանի խոսքի մշակույթը, ապա Վարդան Ղուկասյանի եթերներից ու բառապաշարից մի դժգոհեք. ԴՕԿ ներկայացուցիչ

Հուլիս 01,2026 16:03 Share

«Թվով 115 քրեական վարույթներ, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է բազմաթիվ դրվագներ, ինչպես նաև ընտրակաշառքի վերաբերյալ ուսումնասիրվող ավելի քան 100 օպերատիվ-հետախուզական փաստեր։ Այս փաստերն անհերքելի են և հաստատվել են դատարանում։ Դրանք եղել են կրկնվող և պարբերական բնույթի, ինչի պայմաններում հնարավոր չէր պարզել ընտրությունների իրական արդյունքները։ ԿԸՀ-ն նշվածի մասով ոչինչ չի ձեռնարկել։ Մինչդեռ պարտավոր էր սեփական նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթներ, պետք է պարզեր այս փաստերի կապը կուսակցության հետ և, հաստատվելու դեպքում, կիրառեր նախազգուշացում կամ զրկեր կուսակցությանը ընտրություններին մասնակցելու իրավունքից»,- այսօր Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ Բաղդասարյանը։

Նա նաև հեգնեց ԿԸՀ նախագահի ավելի վաղ ներկայացրած այն փաստարկը, թե այդ խախտումներին անդրադարձ չի եղել, քանի որ ձեռքի տակ չեն ունեցել հնարավոր ընտրակաշառքին վերաբերող դատական ակտ։

«Իսկ եթե մեկ տարի անց այդ դեպքերը հաստատվեն դատական ակտով, ի՞նչ ենք անելու՝ անվավե՞ր ենք ճանաչելու արդեն այս ընտրությունները, որոնք այժմ ուսումնասիրում է Սահմանադրական դատարանը»,- ասաց նա։

Ներկայացնելով խախտումների ցանկը՝ Բաղդասարյանը նշեց, որ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ արձանագրվել է նաև Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ազատ և հավասար ընտրական իրավունքի խախտում։

«ԿԸՀ-ն գտել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվել է հակաքարոզչություն։ Նշվածը հաստատվում է ինչպես դատական նիստում ԿԸՀ նախագահի բանավոր հայտարարությամբ, այնպես էլ նրա գործողություններով»,- ասաց նա։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ հորդորելով զերծ մնալ կուսակցությունների անուններն իրենց հրապարակումներում օգտագործելուց։ Սակայն, ըստ նրա, կոմիտեն անտեսել է այդ դիմումը, խախտել Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները և շարունակել նույն գործելակերպը, իսկ ԿԸՀ-ն դրանից հետո որևէ գործընթաց չի նախաձեռնել։

Բաղդասարյանը շեշտեց, որ ԿԸՀ-ի՝ որպես ընտրական գործընթացը վերահսկող միակ մարմնի, հանձնարարականը չկատարելը հանգեցնելու էր Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առաջացման։

Խոսելով ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման, թաքնված քարոզչության, ատելության խոսքի և վախի մթնոլորտի մասին՝ ԴՕԿ կուսակցության մյուս ներկայացուցիչը հավելեց.

«Եթե սա է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և գործող իշխանության պատկերացրած իրական Հայաստանի խոսքի մշակույթը, եթե արդարադատության նախարարն այս ամենը համարում է իրավաչափ խոսք, քաղաքական լեքսիկոն և վարքագիծ, ապա մի դժգոհեք ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եթերներից ու բառապաշարից»։

Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031