Մոտակա 10 տարիների ընթացքում Հարավային Կովկասում ժողովրդագրական հիմնական միտումը կլինի պետությունների միջեւ աճող անհամաչափությունը: Եթե 1990-ականների սկզբին Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ունեին համադրելի մարդկային ներուժ, այսօր տարածաշրջանում ի հայտ է գալիս կայուն անհամաչափություն:
Ադրբեջանն արդեն անվիճելի ժողովրդագրական առաջատարն է: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նրա բնակչությունը հասել է 10,26 միլիոն մարդու: Չնայած ծնելիության մակարդակի նվազմանը՝ 2023 թվականին՝ 112.600 երեխա՝ 2025 թվականի 95.900-ի դիմաց, երկիրը պահպանում է բնական աճի կայուն մակարդակ, քանի որ ծնունդների թիվը զգալիորեն գերազանցում է մահացության տարեկան մակարդակը, որը մոտավորապես 55.000-60.000 է: Լրացուցիչ առավելություն է մնում համեմատաբար երիտասարդ տարիքային կառուցվածքը. բնակչության միջին տարիքը 34,1 է, իսկ երեխաների եւ դեռահասների բաժինը հասնում է 27-28%-ի:
Հայաստանն ու Վրաստանը ցուցաբերում են արմատապես այլ դինամիկա: Այն դեպքում, երբ բնակչության պաշտոնական թիվը համապատասխանաբար մոտավորապես 3 մլն եւ 3,91 մլն մարդ է, փաստացի բնակչությունը միջազգային փորձագետների եւ ՄԱԿ-ի գնահատմամբ զգալիորեն պակաս է՝ 2,4-2,5 մլն՝ Հայաստանինը ու 3,1-3,25 մլն՝ Վրաստանինը: Երիտասարդների եւ տնտեսապես ակտիվ քաղաքացիների շարունակական արտահոսքը աճող ծանրաբեռնվածություն է ստեղծում ազգային աշխատաշուկաների, սոցիալական ծառայությունների եւ ժողովրդագրական վերարտադրության վրա:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվում Վրաստանում, որն արդեն մտել է բնակչության կայուն նվազման փուլ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում ծնունդների թիվը 2021-2025 թվականների ընթացքում 45.100-ից նվազել է մինչեւ 37.800, իսկ 2025 թվականին բնակչության բնական նվազումը հասել է 6.500-ի: Հայաստանն առայժմ պահպանում է բնակչության դրական բնական աճ, սակայն այն 2023 թվականի 11.900-ից 2025 թվականին իջել է մինչեւ 4.700, մինչդեռ ծնունդների թիվը երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ նվազել է տարեկան մինչեւ 30.000-ին մոտ նշագծի:
Կարդացեք նաև
Ճգնաժամային միտումների մասին է վկայում նաեւ տարիքային կառուցվածքը: Հայաստանում միջին տարիքը 36,6-37,2 տարեկանն է, մինչդեռ Վրաստանում՝ 37,3-37,6-ն է, իսկ 15 տարեկանից փոքր բնակչության համաբաժինը գնահատվում է համապատասխանաբար մոտավորապես 20% եւ 18%: Սա վկայում է Վրաստանում ավելի խոր ժողովրդագրական ծերացման մասին՝ այն դեպքում երբ Հայաստանն առայժմ պահպանում է բնական վերարտադրության մի փոքր ավելի շատ ներուժ:
Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, հաջորդ տասնամյակի կեսին մոտ Հարավային Կովկասը վերջնականապես կկորցնի իր ժողովրդագրական հավասարակշռությունը: Ադրբեջանը բնակչության թվով ավելի քան երկու անգամ կգերազանցի Հայաստանին ու Վրաստանին (երեւի միասին վերցրած- Գ. Մ.) եւ կպահպանի տարիքային կառուցվածքի զգալի առավելությունը՝ գործնականում դառնալով տարածաշրջանի ժողովրդագրական ծանրության միակ կենտրոնը:
Ադրբեջանի այս գերակշությունը կնշանակի ավելի մեծ մոբիլիզացիոն ներուժ, ավելի ընդգրկուն ներքին շուկա, զինված ուժերի, գիտության եւ ազգային տնտեսության աշխատատար ճյուղերի ավելի մեծ կադրային ռեզերվ: Հայաստանի եւ հատկապես Վրաստանի բնակչության շարունակվող ծերացման ֆոնին այս մեծ տարբերությունն անխուսափելիորեն կդառնա ուժերի տարածաշրջանային հավասարակշռության երկարաժամկետ փոփոխության մի հիմնական գործոն:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հոդվածի հեղինակը ռուսաստանցի կովկասագետ, պատմագիտության թեկնածու ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է:
Թարգմանեց Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































